Բաժիններ՝

«Մեզանում սխալ կարծրատիպեր կան, որ հայ մայրիկը պետք է լինի տանը նստած, չխնամված, չհարդարված, մի քիչ դժգոհ ու մռայլ…». Մերի Ներսիսյան

«Մայրիկների ակումբ» հաղորդաշարը բավականին կարճ ժամանակահատվածում կարողացավ սիրելի դառնալ և ձեռք բերել իր ուրույն լսարանը: Հաղորդման հեղինակ, պրոդյուսեր Գոռ Պետրոսյանի և հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել՝ արդյո՞ք աշխատանքի վայրում և տանը շարունակ միասին լինելը չի խանգարում ամուսիններին ընտանեկան կյանքում:

– «Մայրիկ» խոսքը դարձել է Ձեր կերպարի բնորոշումը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

– Այդ փաստն ինձ միայն ուրախացնում է, քանի որ ես տարբեր առիթներով նշել եմ, որ տեսակով մայրիկ եմ, շատ եմ սիրում երեխաներին, շատ եմ կարևորում հայ մայրիկների զարգացածության, տեղեկացվածության մակարդակը: Անգամ եթերից դուրս՝ հարազատներիս, ընկերներիս և շատ հաճախ՝ նաև անծանոթ մայրիկների համար ընկալվում եմ՝ որպես մայրիկ-խորհրդատու. դա շատ պարտավորեցնող ու պատասխանատու բնորոշում է:

– Մերի, որքա՞ն ժամանակ է, ինչ մայրիկներին վերաբերող թեմաները դարձել են Ձեր գործի բնույթը:

2009թ., երբ ես պարզեցի, որ սպասում եմ բալիկի, սկսվեց իմ՝ որպես ապագա մայրիկի պրպտումների ժամանակաշրջանը. կարդում էի, այսպես ասած՝ մամայական գրականություն, համացանցում ուսումնասիրում երեխաների դաստիարակության, խնամքի ժամանակակից մոտեցումները, բայց հենց այդ շրջանում էլ նկատեցի, որ հայկական հեռուստաեթերում ոչինչ չկա հայ մայրիկների համար: Եվ դա առիթ հանդիսացավ, որ հենց այդ տարվա ամռանը ստեղծենք «Հայ մայրիկ» հեռուստանախագիծը:

– Սկզբնական շրջանում «Հայ մայրիկ» հաղորդումն էր, որը սկսեց տեղափոխվել ալիքից ալիք: Իսկ հետո արդեն Հանրային հեռուստաալիքի եթերում այն կոչվեց «Մայրիկների ակումբ»: Ի՞նչը դարձավ հաղորդման նմանօրինակ «շրջագայության» պատճառ:

Մերի.- Հայ մայրիկը ստեղծեցիքն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում: Այն եթերում եղավ 3 տարի, հետո մենք հաղորդումը շատ կարճ ժամանակով տեղեփոխեցինք «Կենտրոն» հեռուստաընկերություն: 2013թ. սեպտեմբերից մենք տեղափոխվեցինք «Հանրային հեռուստաընկերություն»: Մենք՝ ես և Գոռը, միասին աշխատում էինք «Առավոտ Լուսո» ծրագրում: Այդ շրջանում ինձ փողոցում, խանութում, ամենուր մոտենում էին ու հանդիմանում, թե ինչո՞ւ «Հայ մայրիկը» եթերում չէ: Ես հասկացա, որ պետք է դառնամ մայրիկների «դեսպանը» հեռուստաեթերում: Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը կարևորեց նմանատիպ ծրագրի անհրաժեշտությունը, և մենք արդեն 2014 թվականի սեպտեմբերից Հանրային հեռուստաընկերության եթերում ենք:

Me8i-Mayrikneri akumb (6)

Գոռ, ամենուր Մերիի կողքին եք: Երբևէ ցանկություն չի՞ առաջացել ինքնուրույն, առանձին նախագիծ իրականացնելու:

Գոռ. – Կարող եք հավատալ, կամ չհավատալ, բայց ես նույնիսկ մեկ անգամ այդ մասին չեմ մտածել: Ես, ճիշտ է, դրա փորձն ունեցել եմ, բայց ինքս երբեք որևէ քայլ չեմ արել առանձին նախագիծ ստեղծելու ուղղությամբ: Մենք հասկանում ենք իրար կես խոսքից, մենք իրար առջև հստակ խնդիրներ ենք դնում և փորձում լուծել դրանք, մենք գործընկերների սառնասրտությամբ քննարկում ենք միմյանց սխալները, և, վերջապես, պարզապես մեծ հաջողություն է սիրելի մարդու հետ աշխատելը, ինչից մենք երկուսս էլ օգտվում ենք:

– Մերի, հաղորդման ֆորմատին հավատարիմ մնալով՝ մշտապես խնամված, կատարյալ տեսք ունեք: Անգամ Ձեր հաղորդման տաղավարն է հեքիաթային մթնոլորտ ստեղծում: Որպես մայր՝ կարո՞ղ եք ասել, թե որքանով է անկեղծ մայրիկներին վերաբերող հաղորդաշարը ներակայացնել այդ աստիճան «փայլուն» ռակուրսից: Չէ՞ որ իրականությունն այլ է:

– Իրականությունն այլ չէ. մեզանում սխալ կարծրատիպեր կան, որ հայ մայրիկը պետք է լինի տանը նստած, չխնամված, չհարդարված, մի քիչ դժգոհ ու մռայլ… Մենք կոտրում ենք այդ կարծրատիպերը: Հայ մայրիկը խելացի, գրագետ, զարգացած, խնամված, հետաքրքիր ու ժպտերես կին է, ով իր լավատեսությամբ ու ժպիտով վարակում է իր երեխաներին: Ես ուզում եմ հայ մայրիկներին տեսնել հենց այդպիսին, դա միանգամայն հնարավոր է և կապ չունի ֆինանսական միջոցների հետ:

Me8i-Mayrikneri akumb (7)

Me8i-Mayrikneri akumb (11)

Me8i-Mayrikneri akumb (3)

Ինչպիսի՞ մայրիկ եք Դուք Ձեր դստեր համար: Օրինակ՝ ի՞նչ տեսք ունի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը խոհանոցում՝ գազօջախի մոտ:

– Իմ բալիկը միշտ ասում է, որ ցանկանում է նմանվել ինձ ու ինձ նման մայրիկ դառնալ. սա ամենամեծ գնահատականն է ինձ համար: Մենք լավ ընկերներ ենք, մենք օրվա մեծ մասն անցկացնում ենք միասին, շատ հետաքրքրություններ ունենք: Ես շատ սովորական հայ մայրիկ եմ, ով նաև շատ է սիրում խոհանոցում լինել, համեղ և հետաքրքիր ուտեստներ ու թխվածքներ պատրաստել, ես շատ արագաշարժ եմ, կարող եմ 2 ժամում մեծ հյուրասիրություն կազմակերպել:

Me8i-Mayrikneri akumb (10)

– Մերի, Դուք ավելի զուսպ և ոչ էմոցիոնալ եք թվում, քան Ձեր ամուսինը: Որքանո՞վ է այդ կարծիքը համապատասխանում իրականությանը:

– Չէի ասի, թե զգացմունքային մարդ չեմ: Ասեմ ավելին, ես շատ զգացմունքային եմ, բայց, ի տարբերություն Գոռի, հաճախ զգացմունքներս ի ցույց չեմ դնում, երբեմն զսպում եմ:

– Բնավորությամբ ո՞ւմ է նման Ձեր բալիկը:

– Էվային ես ինձ եմ շատ նմանեցնում, նրա բնավորության, խառնվածքի, տեսակի մեջ նկատում եմ բաներ, որ այնքան նման են ինձ, որ երբեմն ապշահար եմ լինում, սա է պատճառը, որ ես այնքան լավ եմ ճանաչում իմ աղջկան ու շատ լավ գիտեմ, թե ինչպիսի մարդ է դառնալու ապագայում:

– Որպես հաղորդման պրոդյուսեր՝ գրեթե ամբողջը աշխատանքը Գոռն է կատարում: Սակայն, ինչպես և բոլոր հաղորդումների դեպքում, այստեղ ևս հեռուստադիտողի գնահատմամբ՝ հաղորդումը «պատկանում» է հաղորդավարուհուն: Երբևէ անարդարության զգացում այս հարցում չե՞ք ունեցել, Գոռ:

Գոռ.- Ես ութ ու կես տարի աշխատել եմ ուղիղ եթերում ու, հավատացեք, կշտացել եմ այն ուշադրությունից, որին արժանանում են հեռուստադեմքերը: Այն օրը, երբ ես որոշեցի դուրս գալ կադրից ու զբաղվել ռեժիսուրայով և պրոդյուսերական գործով, ավելի քան լավ էի հասկանում, թե ինչից եմ ինձ զրկում և ինչ եմ գտնելու: Իրերի այսօրվա դրությունն ինձ ավելի քան գոհացնում է:

Me8i-Mayrikneri akumb (1)

Կարծրատիպ կա, որ ամուր ընտանիքի գրավականներից է ամուսինների՝ իրար հազվադեպ տեսնելու հանգամանքը: Այլ կերպ ասած, որքան քիչ իրար տեսնեն ամուսիններն, այնքան քիչ կազդեն մեկը մյուսի նյարդերին: Սակայն Դուք աշխատանքի բերումով «զրկված» եք այդ հաճույքից: Անընդհատ միասին լինելն օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

Մերի.– Ես դեմ եմ այդ կարծիքին, թե իրար քիչ տեսնելն ամուր ընտանիքի գրավականն է. չկա նման բան: Մենք իրար օրվա ընթացքում շատ քիչ ենք տեսնում, բայց համատեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն ճիշտ ենք օգտագործում ու անցկացնում ենք միասին:

Գոռ.– Դա պարզապես աբսուրդ է: Ո՞վ է տեսել նման բան, որ իրար սիրող, գնահատող մարդկանց վնասի համատեղ անցկացված ժամանակը: Իրար չտեսնելն օգնում է այն զույգերին, ովքեր, մեղմ ասած, ընդհանուր քիչ բան ունեն, երբ կինդ կամ ամուսինդ քեզ հետաքրքիր չէ, երբ աշխատանքդ կամ ընկերներդ քեզ ավելի հաճելի են, քան ընտանիքիդ անդամները, երբ միասին անցկացված 3-րդ րոպեից սկսում եք վիճել, իսկ մեզ համար միասին ապրած յուրաքանչյուր րոպեն Աստծո պարգև է, որը մենք փորձում ենք վայելել:

Me8i-Mayrikneri akumb (12)

Մերի, Դուք շատ հանգիստ և հավասարակշռված մարդու տպավորություն եք թողնում: Դա Ձեր տեսա՞կն է, թե՞ հաղորդման կերպաը:

Մերի.- Հեռուստատեսությունը չի սիրում կեղծիք, դու հեռուստադիտողին երբեք խաբել չես կարող: Ես եթերից այն եմ, ինչ կամ իրականում: Երբեք չեմ փորձել կերպար ստեղծել արհեստական, եթե այդպես լիներ, ինձ չէին վստահի ու իմ ասածներին մայրիկները չէին հավատա: Ես իմ ապրումներն ու հույզերը երբեք ներս չեմ գցում, նման խնդիր չունեմ: Ես սիրում եմ կիսվել իմ ապրումներով:

– Յուրաքանչյուր հաղորդման վերջում Դուք նշում եք, որ մայր լինելը հոգս չէ: Լինո՞ւմ են պահեր, երբ համամիտ չեք Ձեր իսկ հաղորդման կարգախոսի հետ:

– Ես արդեն 5 ու կես տարի մայրիկ եմ, և չի եղել անգամ մեկ վայրկյան, երբ հակառակը կարծեմ: Մայր լինելն ինձ համար անսահման երջանկություն է, սեր, հաջողություն, պարգև, որը ես վայելում եմ՝ ամեն վայրկյան շնորհակալ լինելով Աստծուն նման երջանկության համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս