«Նաիրիտի» աշխատակիցները կրկին Բաղրամյան 26-ում են (տեսանյութ)
Այսօր Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, նաիրիտցիները շարունակեցին իրենց ամենօրյա բողոքի ակցիաները: 168.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի աշխատակից Իշխան Գասպարյանը, ով փետրվարի 6-ից կրճատման ծանուցումը ստացել է և ստորագրել է թերթիկը, նշեց, որ իրենք 18 ամսվա աշխատավարձի պարտքն են պահանջում: Նրա խոսքով՝ օրինական ճանապարհներով ամեն տեղ դիմել են, մինչ օրս պաշտոնական պատասխան չեն ստացել.
«Միայն խոստացել են, որ Համաշխարհային բանկի աուդիտորները կգան, կուսումնասիրեն, դրական արդյունքի դեպքում հարցը կքննարկվի, բայց դա ինչքան կտևի՝ 3 ամիս, 6 ամիս, 1 տարի, ոչ ոք չի կարող ասել»: Նա շեշտեց, որ նաիրիտցիները վճռական են ամեն աշխատանաքային օր հավաքվել ցույցի՝ մինչև խնդրի լուծումը:
Գործարանի աշխատակից Հենրիկ Բաղդասարյանի խոսքով՝ մարդկանց տրամադրվածությունը շատ բարձր է, պահանջը՝ օրիական. «Դա նորմալ մարդու պահաջ է»: Սակայն նա նկատեց, որ աշխատակազմի մեջ ներքին խմորումներ կան, մարդիկ կան, որ խանգարում են իրենց պայքարին:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը երեկվա համեմատ քիչ թվով ցուցարարների առկայությունը պայմանավորեց նրանով, որ հնարավոր է՝ ոմանց բավարարել է, որ գույքի օտարման հանձնաժողով է ստեղծվում, գույք կօտարեն ու կվճարեն աշխատավարձի պարտքը.
«Այն գույքի մասին է խոսքը, որը արտադրական պրոցեսին չի խանգարում: Օրինակ՝ քացախաթթվի արտադրությունը 20 տարի չի գործում, դա գունավոր մետաղներ են, որ գնահատվել են մոտ 5-7 մլն, որն աշխատավարձի պարտքի կեսն է: Եթե դա վճարեն, մարդիկ կսպասեն մինչև մնացածի հարցը լուծվի»:
Ըստ նրա՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ զրույցից պարզվեց, որ, բացի գույքի վաճառքից՝ Երվանդ Զախարյանն այլ ելք չի տեսնում, բայց նաիրիտցիները մատնանշում են, որ պետական ձեռնարկություններ հանդիսացող «Նաիրիտ 2»-ը և «Նաիրիտ» ԲԲԸ-ը 5 մլրդ դրամ պարտք են «Նաիրիտին»: Ա.Հարությունյանի խոսքով՝ դա ավելի շուտ ու հստակ միջոց է, որ պարտքը շուտ վճարեն:
Մեր հարցին, թե գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամայանն ասել էր, որ նաիրիտցիներն իրենք էլ կարող են ներդրող գտնել, ինչ-որ բան արվե՞լ է այդ ուղղությամբ, Ա.Հարությունյանը պատասխանեց.
«Վարչապետն ինքն էլ հասկանում է, որ դա մերկապարանոց հայտարարություն է: Նաիրիտցիներն իրենք նույնիսկ ղեկավարության մակարդակով ներդրող չեն կարող գտնել, եթե գտնեն էլ, նա պետք է բանակցի կառավարության հետ: Պահանջվում է 300 մլն դոլար ներդրում և այդպիսի նորդրող գտնելը պետության խնդիրն է»:
49 տարի գործարանում աշխատող քիմիկ Գայանե Մխիթարյանը մտահոգված է կենսաթոշակի խնդիրներով: Նրա խոսքով՝ փետրվարի 6-ից մարդկանց ուղարկում են տուն, մի մասն արդեն կենսաթոշակառու է, բայց 2013-ից սոցիալական վճարները չեն վճարվել ու աշխատած տարիներին համապատասխան թոշակի ավելացման խնդիր կա:
«Գոնե մի ողորմելի գումար ավելանա: Գույքահարկ, հողի հարկ, էս, էն, բոլոր փողերը տաս, հացի համար մի լումա չի մնում»,- ասաց Գ. Մխիթարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում