Բաժիններ՝

Ինչպես դիմակայել ձմռան դժվարություններին

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Որքան գեղեցիկ է, երբ ամեն ինչ ծածկվում է փափուկ անարատ ձյունով: Գեղեցիկ է և հաճելի. Գիտեմ, թե հիմա ինչ եք մտածում, թե դրա ինչն է հաճելի կամ ինչ լավ բան կա ցրտի մեջ:

Ձմեռը երևի թե ամենաբարդ ու երկար թվացող եղանակն է մեզ համար, քանի որ, համաձայն եմ, դժվարություններն ու հոգսերը շատ ավելին են քան մյուս եղանակներին, բայց ամեն ինչ կփոխվի, եթե խելամտորեն նվազեցնեք ձմռանը ձեզ տանջող դժվարություններն ու հիանաք դրա գեղեցկությամբ:

Տաք ապուր. Որքան ամռանը տհաճ է տաք ապուր պատրաստելն ու ուտելը, այնքան այն հաևելի ու ճիշտ է ձմռանը: Արագ ու «ձեռի հետ» սնվողներին հատկապես հորդորում եմ անցնել տաք ու համեղ ապուրներին: Որպես տաքացնող և էներգիայով լի սնունդ ձմռանը խրախուսվում են հատիկեղենը, դդմազգիները, իսկ երեկոյան նաև տաք կաթը: Ճաշատեսակները պատրաստելիս մի մոռացեք նաև համեմունքների մասին: Հիմնականում կարմիր և սև պղպեղները, կծվաշ ու դառը համեմունքներն են տաքացնող ազդեցություն ունենում:

Հեղուկներ. Ձմռանը ցրտից մաշկը շատ է չորանում և այս եղանակին էլ ամառվանից ոչ պակաս կա ջրազրկման խնդիր: Սառը ջուրն, այս եղանակին դժվար է օգտագործելը, հյութալի բանջարեղենի ու մրգերի խնդիր էլ կա, այստեղ օգնության են գալիս տաք թեյերը: Թեյերին խորհուրդ կտամ ավելացնել տաքացնող համեմունքներ /կոճապղպեղ, մեխակ և այլն, կան հակառակը հովացնող թեյեր, որոնք ավելի հաճելի են ամռանը կամ բարձր ջերմության ժամանակ օր՝ կիտրոնով թեյը կամ անանուխով թեյը.

Յուղ և եթերայուղ. Ինչպես բավարար քանակի հեղուկը, այնպես էլ յուղերը պարտադիր են: Օգտագործեք լավ բուսայուղեր, կտավատի և ձիթապտղի բուսայուղերը իսկակա՛նն են: Յուղերն անհրաժեշտ են, ոչ միայն իմունիտետը բարձրացնելու, ցրտադիմացկունության կամ աղիքների լավ աշխատանքի համար այլև մաշկի խոնավությունն, առաձգականությունն ու թարմությունը պահպանելու համար: Այդ պատճառով կարելի է ոչ միայն ներսից այլ նաև արտաքինից մաշկն ու գլխամաշկը խոնավեցնել բուսայուղերով, այնուհետև տաք վաննա ընդունել: Ավելի հեշտ միջոցներ են խոնավեցնող քսուքները, որոնց մասին պետք չէ մոռանալ:

Եթերայուղերը նույնպես կարող են մեծ դերակատարություն ունենալ ձմեռը հեշտ գլորելու գործում: Դրանք ունեն հանգստացնող, ընկճախտից հանող կամ տրամադրություն բարձրացնող, ակտիվացնող ազդեցություն, ըստ տվյալ սիտուացիայի; Ընտրեք ձեզ ավելի անհրաժեշտ ազդեցությունը;

Արջի քուն. Ձմռանն ավելի վաղ է պետք քնել, աշխատեք սովորականից ավելի վաղ ավարտել օրվա գործերը և 1-2 ժամ շուտ պառկել քնելու: Որ գործը շտապ չէ ավելի լավ է թողնել հաջորդ օրվան քան քնի հաշվին տանջվելով անել: Դրա փոխարեն կարելի է մեկ ժամ շուտ արթնանալ և հասցնել ավարտին կիսատ-պռատ զթողածները:

Շրջապատող իրեր. Սենյակում ավելացրեք տաք գույներ ունեցող իրեր, ծաղիկներ, լավ հուշեր արթնացնող նկարներ: Աշխատեք հաճախ հանդիպել ընկերների ու բարեկամների հետ, մի խոսքով տաքուկ միջավայր ստեղծեք ինքներդ ձեզ համար և կտեսնեք, թե ինչպես է ձմեռը դառնում հետաքրքիր ու հաճելի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս