Բաժիններ՝

«Պետք է թույլ չտալ, որ Գյումրու ողբերգությունն օգտագործվի այլ նպատակներով». Աշոտ Մանուչարյանը՝ Գյումրու ողբերգական դեպքի մասին

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով օրերս Գյումրիում հայ ընտանիքի 6 անդամների դաժան սպանության և 6-ամսական փոքրիկին դանակահարելու դեպքի մասին՝ նշեց, որ շատ խորհրդանշական է, որ տարին սրանով է սկսվում Հայաստանի համար, և պետք է բացարձակ զգոն լինել, որպեսզի Գյումրու ողբերգությունը չօգտագործվի այլ նպատակներով.

«Որովհետև անցյալ ամբողջ տարին խոսում էինք, որ գլոբալ պատերազմի իրավիճակում է ապրում աշխարհը, որ ընթանում է երրորդ համաշխարհային պատերազմը, և դա սխալ է անվանել սառը պատերազմ, որովհետև պատերազմական դրսևորումները տաք շատ կետերում կան»:

Ա. Մանուչարյանի խոսքով՝ կարևոր հանգամանք է, որ զինանոցում ոչինչ արգելված չէ.

«Այսպիսի բան երկար ժամանակ չկար: Հիմա թույլատրված է ամեն ինչ: Այս տեսակետից բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն: Ոչ ոք չէր սպասում, որ Գյումրիում կարող էր այսպիսի դեպք լինել»:

Ա. Մանուչարյանը նկատեց, որ դա երկու հնարավոր դրսևորում կարող է ունենալ՝ պատահականություն և նպատակային գործողություն.

«Առաջին իսկ պահից, եթե մենք մի րոպե պատկերացնում ենք վատթարագույնը, որ սա պատահականություն չէ, որ սա կազմակերպված դիվերսիա է, քայքայիչ գործողություն է մեր երկրի նկատմամբ, որովհետև ուրիշ նպատակադրումներին մենք առայժմ ծանոթ չենք: Եթե անգամ պատահականություն է՝ այսօրվա աշխարհում երկրորդ իսկ վայրկյանից եղածը սկսվում է օգտագործվել այլ նպատակներով: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու, ճշգրիտ գործելու:

Դեպքը ցույց տվեց, որ մենք շատ քիչ ենք պատրաստ, հատկապես այն համակարգերը, որ պետք է պատրաստ լինեին: Օրինակ, իշխանական համակարգի գործողությունները բացարձակ խայտառակություն են, այսինքն՝ պարզվեց, որ Հայաստանը ոչ մի տրամաբանության մեջ պատրաստ չէ գործել:

Եթե դա պատահականություն է, հատուկ կազմակերպված չէ, ապա հարցեր են առաջանում, որոնք պետք է ստանային հստակ լուծումներ: Այդ լուծումների ճնշող մեծամասնությունը ոչ միայն չեղան, այլև սկսեցին խնդիրներ առաջանալ, առավել ևս այն դեպքում, երբ խառնվեցին ուժեր, խմբեր, միջամտություններ, որ իրավիճակը հարմարեցնեն այլ խնդիրների լուծման համար: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելուն, ճշգրիտ գործելուն, որպեսզի դրանք չօգտագործվեն մեր ներսում բախումների ու ցնցումների համար»:

Հարցին՝ դեպքից հետո բողոքի ալիքը, ընդվզումները, որ տեղի ունեցան, կառավարվո՞ղ գործընթացներ էին, թե՞ դա իսկապես հախուռն մի բողոք էր, որը ոչ մի այլընտրանք չէր ենթադրում, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.

«Մի կողմից՝ կատարվածը սարսափելի բան էր, և բնական էր այդպիսի խորը համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ դրան զուգահեռ՝ սկսում են գործել ուժեր, խմբեր՝ թե՛ դրսի, թե՛ ներսի, որոնք ինչ-ինչ տրամաբանություններ են տեսնում իրենց գործի համար, այսինքն՝ շահարկումը միանգամից սկսվում է: Այդ տեսակետից՝ մենք պետք է բացարձակ զգոն լինենք:

Օրինակ, ես տեսա, որ Գյումրիում եկեղեցին է փորձում ինչ-որ դեր խաղալ, դա շատ ողջունելի է՝ անկախ նրանից, թե որքանով ստացվեց-չստացվեց, բայց փորձում էր թույլ չտալ ներքին բախում, և այլն:

Բայց Հայաստանն անկախության օրերից սկսած՝ միշտ ունեցել է ներսում համակարգեր, որոնք նման իրավիճակներում կարողացել են լուծումներ տալ: Հիմա նման համակարգ չկա: Այսօր, որ մի բան լինում է՝ չկա մի օղակ, որ կողմերի հետ կարողանա խոսել և թույլ չտա բախում: Չկա մի օղակ, որ այդ հիբրիդային պատերազմով զբաղվի: Օրինակ, եթե ես մի բան գիտեմ՝ իրադարձության հետ կապված, ո՞ւմ պետք է ասեմ այսօր: Ես Ձեզ հարցնում եմ՝ լինելով քաղաքական գործիչ, իսկ շարքային մարդն ի՞նչ անի: Որտե՞ղ գնա՝ Ոստիկանությո՞ւն, Դատախազությո՞ւն, Ազգային անվտանգությո՞ւն, որևէ կուսակցությո՞ւն, ո՞ւր գնա, ո՞ւմ ասի»:

Ըստ Ա. Մանուչարյանի՝ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է այդպիսի կոորդինացնող, համադրող, հիբրիդային պատերազմի մարտահրավերներին պատասխանող և հնարավոր բախումների դեպքում կողմերի հայացքները համադրող մարմինը.

«Որովհետև ինքներդ տեսաք՝ ինչ վիճակում է իշխանությունը, տեսաք՝ ինչ վիճակում է քաղաքական դաշտը, որ ադեկվատ արձագանք չկարողացավ տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս