ԵՄ-ը Վրաստանին կհատկացնի 44.5 միլիոն եվրոյի դրամաշնորհ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Վրաստանին կհատկացնի 44.5 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ Թբիլիսիում:
Դրա վրա իրենց ստորագրություններն են դրել ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
ԵՄ-ը Վրաստանին կօգնի իրագործել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, որը հանդիսանում է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը, ինչպես նաև կօգնի մասնավոր սեկտորի զարգացման հարցում:
Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը հայտնել է, որ ֆինանսական համաձայնագրի ստորագրմամբ՝ սկսվում է 44.5 միլիոն եվրո ծավալով նոր ծրագիր, որը կնպաստի Վրաստանում մասնավոր սեկտորի զարգացմանը, ինչպես նաև կամրապնդի նոր կանոնակարգին փոքր ու միջին բիզնեսի հարմարվելու հնարավորությունները: