Սեյրան Օհանյան. «Յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ» (տեսանյութ)

Գյումրիում երեկ կատարված սպանությունը հետաքննելու համար Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ վաղ առավոտից տեղում են: Նրանք հանդիպել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, այնուհետ կայացավ փակ խորհրդակցություն, որի ընթացքում հստակեցվել է քննության վարման հետագա կարգը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը չմանրամասնեց հանդիպման արդյունքները, միայն նշեց, թե լինելու է համակողմանի քննություն:

Նրա խոսքով՝ պետք չէ Գյումրիում կատարվածը քաղաքականացնել:

Այս պահին Վալերի Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում՝ հատուկ հսկողության տակ:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր այսպիսի դեպքերի ժամանակ լինում է մեղավորների շրջանակ. լինում է անհատ, նրա շրջապատը, կոլեկտիվը, որտեղ այդպիսի մթնոլորտ է ձևավորվել, անմիջական այն ղեկավարները, ովքեր աշխատել են այդ զինծառայողի հետ»,- Արկադի Բախինի հետ հանդիպումից առաջ ասաց Սեյրան Օհանյանը՝  հավելելով, թե հույս ունի, որ մեղավոր անձանց շրջանակը կպարզվի նախաքննության ընթացքում և պատասխանատվություն կկրեն:

«Քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի: Ամեն ինչ կախված է նրանից, թե կասկածյալն ինչ կասի և ինչպես կբացատրի այդ իրողությունը: Բայց այն, որ հետևողական կերպով մինչև վերջ կհասնեք և մեղավորը կամ մեղավորները կպատժվեն, գտնում եմ, որ դա այդպես կլինի»:

Մանրամասները՝ tsayg.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս