«Ամերիաբանկ»-ը հերքում է «Նորվիկ» ՈՒՎԿ-ի ձեռբերման մասին տեղեկությունները

168.am-ին տեղեկություններ էին հասել, որ  «Ամերիաբանկը» ձեռք է բերել «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Ընկերության հաճախորդները մեզ հայտնեցին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:

Սակայն «Ամերիաբանկից» հերքեցին լուրը և հայտարարեցին, որ ընկերությունը ձեռք չի բերել «Նորվիկ» ՈՒՎԿ-ն, իսկ նման գործարքի դեպքում բանկն ինքը հայտարարություն կտարածեր:

«Նորվիկ»-ում հեռախոսազանգին պատասխանած աշխատակցուհին ևս հերքեց, որ ՈՒՎԿ-ն վաճառվել է «Ամերիաբանկին», սակայն որևէ այլ պարզաբանում չտվեց և հայտարարեց, որ ղեկավարությունից ոչ ոք տեղում չէ:

Նշենք, որ «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը 500 հազար ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով գրանցվել և լիցեզավորվել է ՀՀ ԿԲ կողմից 2006թ. հուլիսին, իսկ գործունեություն սկսել է ծավալել 2006թ. սեպտեմբերի վերջից՝ արդեն ընդլայնված 1.7 մլն ԱՄՆ դոլար կանոնադրական կապիտալով:  Կազմակերպության միակ բաժնետերը լատվիական «Նորվիկ Բանկա» Բաժնետիրական ընկերությունն է:

Հիշեցնենք նաև, որ անցած տարեվերջին ՀՀ Կենտրոնական բանկը նոր նորմատիվ է ընդունել, ըստ որի՝ բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվել է մինչև 2017 թ. հունվարի 1-ը՝ 5մլրդ դրամ, նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թ. հունվարի 1-ը՝ 30 մլրդ դրամ: Մասնագետների կարծիքով՝ այս հանգամանքը ստիպելու է ֆինանսական կազմակերպություններին գնալ խոշորացման:

Տեսանյութեր

Լրահոս