Բաժիններ՝

Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրացիոն ռեժիմի խախտման համար նոր պատիժները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Ռուսաստանում ուժի մեջ է մտել այն օրենքը, որը տարբերակված արգելք է դնում օտարազգի օրինախախտ ներգաղթյալների կողմից երկիր մուտք գործելու վրա:

Այժմ ապօրինաբար 120 օրից ավելի մնալու դեպքում երկիր մուտք գործելն ինքնաբերաբար կփակվի 3 տարով, իսկ 270 օրը գերազանցելու դեպքում մուտքը կփակվի 5 տարով: Ավելի քան 360 օր մնալը կհանգեցնի արդեն 10 տարով երկիր մուտք գործելու արգելքին:

Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նրա խոսքերով` այդպիսով ավելի քան 1 միլիոն օտարազգու համար կարող է 10 տարով փակվել Ռուսաստան մուտք գործելը` կապված երկրում մնալու օրինական ժամկետը գերազանցելու հետ.

«Մեր տեղեկատվական համակարգը ցույց է տալիս, որ ներկայումս Ռուսաստանի տարածքում գտնվում է գրեթե 3 միլիոն օտարազգի քաղաքացի, որոնք զգալիորեն գերազանցել են օրինական ճանապարհով 90 օր երկրում մնալու ժամկետը: Նրանց բացարձակ մեմածամասնությունն ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:

Ավելի քան 734.000 օտարազգի Ռուսաստանում գտնվում է ավելի քան 270 օրյա խախտումով, սակայն 360 օրից պակաս: Եվ 1.028.062 օտարազգի քաղաքացու դեպքում խախտումը կազմում է ավելի քան 360 օր»:

Նախօրեին էլ Ռոմոդանովսկին հայտարարել է, որ 2015 թվականի սկզբին գրեթե 70 տոկոսով նվազել է Ռուսաստան միգրացիոն հոսքը: Վերջին երկու տարում Ռուսաստան մուտք գործելը փակվել է արդեն ավելի 1.2 միլիոն օտարազգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս