Բաժիններ՝

Քանի հոգի է մասնակցում պարտադիր կուտակայինին

Ներկայիս դրությամբ պարտադիր կուտակային համակարգին մասնակցում է 100 հազար մարդ՝ նախապես նախատեսված 200 հազար և ավելիի փոխարեն: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե նախատեսվածի համեմատ ինչպիսի՞ն է համակարգին մասնակցությունը: Ըստ նրա՝ ամփոփ տվյալները կլինեն հաջորդ տարվա սկզբին:

«Շատ կարևոր է առաջիկա ժամանակահատվածում մեր քաղաքացիներին ավելի լավ իրազեկել ու ներկայացնել այս համակարգի առավելությունները: Այն մասնակիցները, որ վճարումներ են կատարել, նրանց տարեկան եկամտաբերությունը շուրջ 12% է: Պետք է լավ գնահատել և, փորձելով մասնակից դառնալ համակարգին, վաղվա ծերության համար լավ երաշխիքներ ստեղծել»,- ասաց նախարարը:

Մեր հարցին, թե բուհերում համատեղությամբ աշխատողները, գիտաշխատողները պարտադրաբար են դառնում համակարգի մասնակից, իսկ դեկտեմբերի 25-ը վերջնաժամկետն է, որից հետո այլևս չեն կարողանա հրաժարվելու դիմում գրել,Ա.Ասատրյանը պատասխանեց, որ համակարգում մասնակցի կարգավիճակը մեկն է և այդ հենքով էր կազմվել տեղեկատվական համակագը: Ըստ նրա՝ եթե խոսում ենք բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացվող հաշվետվություններ մասին, բնական է, որ այլ կարգավիճակ չի կարող լինել: Նախարարի խոսքով՝ կրթական բարեփոխումների շրջանակներում բուհերը վերածվեցին հիմանդրամների, և այն անձինք, որ ցանկություն ունեին, կարող են դիմումները տալ ու դադարեցնել իրենց մասնակցությունը համակարգին:

«Բուհերը հիմնադրամների վերածումը այդ հարցի լուծումն է»,- ասաց Ա.Ասատրյանը:

Հիշեցնենք, որ «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» օրենքի ուժի մեջ մտնելու պահից պետական համակարգում աշխատող քաղաքացիներն՝ առանց կամաարտահայտման հնարավորության, ընդգրկվեցին կուտակային համակարգի մեջ։ Պարտադիր սոցիալական վճար կատարելու պարտականությունը տարածվեց նաև պետական և մասնավոր ոլորտներում համատեղությամբ աշխատողների վրա: Գիտության, կրթության ոլորտում աշխատող շատ երիտասարդ մասնագետներ համատեղությամբ աշխատում են նաև առաջատար մասնավոր ընկերություններում և, չցանկանալով պարտադրաբար ընդգրկվել կուտակային համակարգի մեջ, ստիպված դադարեցրին այդ ոլորտներում ծավալած իրենց գործունեությունը: Տասնյակ դասախոսներ դուրս եկան պետական ԲՈՒՀ-երից, իսկ տասնյակ երիտասարդ գիտնականներ՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս