Նիկարագուայում մեկնարկել է միջօվկիանոսյան ջրանցքի կառուցման գործընթացը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիկարագուայում մեկնարկել է նավարկելի նոր ջրանցքի կառուցումը, որը միմյանց կկապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսները: Շինարարությունն իրականացնում է չինական HKND Group ընկերությունը:
Նիկարագուայի ջրանցքը պետք է այլընտրանք հանդիսանա Պանամայի ջրանցքին: Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգան հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ նախագիծն ամբողջովին կփոխի Նիկարագուայի ու ողջ Կենտրոնական Ամերիկայի տնտեսական իրավիճակը:
Նախագահը խոստացել է, որ ջրանցքի կառուցման ժամանակ նվազագույն վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իսկ ջրանցքի կառուցման գործընթացը հնարավորություն է տալիս ստեղծելու գրեթե կես միլիոն նոր աշխատատեղ:
Նիկարագուայի ջրանցքի երկարությունը կազմելու է մոտ 278 կիլոմետր, որից 105 կիլոմետրն անցնելու է Նիկարագուա լճով: Ջրանցքի խորությունը կազմելու է 26-30 մետր, լայնությունը՝ 230-530 մետր: Ջրանցքով անցնելու ընդհանուր ժամկետը կազմելու է մոտ 30 ժամ:
Պլանավորված է, որ տարեկան ջրանցքով կանցնի ավելի քան 5000 նավ, ինչը լրջորեն կմեղմացնի տարածաշրջանի ծովային փոխադրումների բեռնվածությունը: Ջրանցքի կառուցումը կավարտվի 2029 թվականին: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 40 միլիարդ դոլար:
Նիկարագուայի ջրանցքի կառուցման գաղափարն ի հայտ է եկել դեռևս 16-րդ դարում: Այն վերստին այժմեականություն է ձեռք բերել 20-րդ դարի վերջին, երբ Պանամայի ջրանցքը դադարեց գոհացնել աճող ծովային փոխադրումների պահանջը: