Մոսկվայում մեկնարկում է Վլադիմիր Պուտինի 10-րդ մամլո մեծ ասուլիսը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում մեկնարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո մեծ ասուլիսը, որը թեմաների ու ժամանակի հարցում չունի սահմանափակումներ: Դա կլինի Պուտինի համար հոբելյանական՝ 10-րդ, մամլո մեծ ասուլիսը:
Պուտինը դրա ժամանակ շոշափելու է բազմաթիվ թեմաներ, որոնք կառնչվեն երկրի քաղաքական, ֆինանսա-տանտեսական ոլորտին, միջազգային օրակարգի խնդիրներին: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մամլո ասուլիսը չունի որևէ կանոնակարգ, և որ Պուտինը հարցերին կպատասխանի այնքան ժամանակ, որքան որ դա համարի անհրաժեշտ:
Պեսկովը վստահեցրել է, որ որևէ մեկը տարված չէ ռեկորդ սահմանելով: Նախորդ մամուլի մեծ ասուլիսներից ամենատևականը ստացվել է 2008 թվականին՝ 4 ժամ և 40 րոպե, իսկ 2013 թվականի ասուլիսը մոտ կես ժամով է զիջել այդ ցուցանիշին:
Պեսկովը վստահեցրել է, որ Պուտինին հարց ուղղելու իրավունք ունեն բոլոր 1259 հավատարմագրված լրագրողները: Պեսկովը հույս է հայտնել, որ մամլո ասուլիսին կմասնակցեն նաև ուկրաինացի լրագրողները, որոնք աշխատում են Մոսկվայում ու հավատարմագրվել են: Լրագրողներ կլինեն նաև բազմաթիվ այլ երկրներից: