Շտապօգնության ավտոմեքենաներ` սահմանամերձ համայնքներին

ՀՀ  տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում  Տավուշի մարզի չորս, Արարատի, Լոռու, Շիրակի և Արմավիրի մեկական համայնքներին ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից տրամադրվեցին շտապօգնության ավտոմեքենաներ:

ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ որոշում ընդունեց, ի թիվս այլ ծրագրերի, «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի ընթացքում տնտեսված միջոցների հաշվին իրականացնել ՀՀ մարզերին կառավարության կողմից տրամադրված շտապօգնության մեքենաների վերանորոգման ծրագիրը:

«Շտապօգնության այս ավտոմեքենաները նախկինում բավականին մաշված էին: Դրանք  հուլիսին հանձնվեցին վերանորոգման և այսօր ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հատկացվում են սահմանամերձ համայնքներին»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Պատասխանելով լրագրողների հարցին`  նա ասաց, որ նորոգված մեքենաները տրամադրվել բժշկական այն հաստատություններին, որոնք առավել շատ ունեին դրա կարիքը՝ հաշվի առնելով առկա տրանսպորտային միջոցների մաշվածության աստիճանը, սպասարկվող բնակչության թիվը, հեռավորությունը մարզկենտրոնից:

Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ, բացի ավտոմքենաներից, համայնքներին  մարդասիրական օգնությամբ տրամադրվել են  նաև դեղեր և բժշկական պարագաներ:

Շտապօգնության տասը ավտոմեքենաների նորոգման համար ծախսվել է շուրջ 20 մլն դրամ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ շտապօգնության ավտոմքենաներով համալրելու կարիք բոլոր մարզերն էլ ունեն: ՀՀ առողջապահության  նախարարության հետ իրականացվող ծրագիրը Արմեն Երիցյանի խոսքով`  շարունակական է լինելու:

«Մենք աշխատանքներ ենք տանում նաև ամենագնաց մենքենաների հատկացման ուղղությամբ: Կարծում եմ, 2015 թվականին կունենանք դրանցից, ինչի շնորհիվ շտապօգնության բժիշկների հետ միասին կկարողանանք օգնություն ցուցաբերել բնակչությանը: Այսօր առողջապահության նախարարի հետ մենք քննարկել ենք, որ պետք է միասին աշխատենք»,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, օգոստոսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում սահմանամերձ Մովսես գյուղին   տրամադրել էր շտապօգնության վերանորոգված առաջին ավտոմեքենան, դեղեր ու բժշկական պարագաներ:

Ստորև ներկայացնում ենք այն բժշկական կենտրոնները, որոնց տրամադրվել են շտապօգնության ավտոմեքենաներ

ՀՀ Տավուշի մարզի «Մոսեսգեղի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

«Ներքին կարմիր աղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

«Բագրատաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

«Այգեձորի առողջության կենտրոն» ՓԲԸ

ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ Լոռու մարզի «Դսեղի առողջության կենտրոն» ՓԲԸ

«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՓԲԸ

ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

ՀՀ Արմավիրի մարզի «Երվանդաշատի առողջության կենտրոն» ՓԲԸ

 

Տեսանյութեր

Լրահոս