ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումը կարող է հանգեցնել ուժգին երկրաշարժերի. Մադուրո
EFE գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ հողաշերտի հիդրոքայքայման մեթոդով թերթաքարային նավթի արդյունահանումը կարող է ավարտվել ուժգին երկրաշարժերով: Այդ մեթոդի կիրառումն արգելված է մի շարք երկրներում:
Մադուրոն հայտարարել է, որ ի վերջո կգա մի պահ, երբ երկրաբանական ճեղքերում կկուտակվի կրիտիկական զանգված, և այդ ժամանակ կարող է տեղի ունենալ ազգային աղետ՝ ԱՄՆ-ի անդրազգային կորպորացիաների «վամպիրների» հավակնությունների պատճառով:
Մադուրոն հավելել է, որ ԱՄՆ-ում նման մեթոդով նավթի արդյունահանման ավելացումը տեղի է ունեցել Եվրոպայի տնտեսական խնդիրների ու Չինաստանի տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման ֆոնին, ինչն էլ հանգեցրել է նավթի գնանկմանն ու բացասական ազդեցություն է ունեցել Վենեսուելայի և նավթի խոշորագույն մյուս արտահանողների տնտեսության վրա: