Բուրջանաձեն վստահ է, որ Վրաստանը կարող է խնդիրները լուծել Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսության միջոցով
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ անհրաժեշտ է պահպանել Ժնևյան բանակցությունների ձևաչափը.
«Հետաքրքիր է, որ երբ կառավարության ներկայացուցիչները հարցականի տակ են դնում ժնևյան ձևաչափի շարունակումը, ի՞նչ են առաջարկում դրա փոխարեն: Ես երբևէ մեծ պատրանքներ չեմ տածել ժնևյան ձևաչափի կապակցությամբ, սակայն կողմ եմ նմանատիպ յուրաքանչյուր ձևաչափի պահպանմանը՝ ելնելով նրանից, որ որքան մեծ լինի բանակցելու հնարավորությունը, այնքան ավելի լավ կլինի մեր երկրի համար»:
Բուրջանաձեն վստահ է, որ Վրաստանը կարող է խնդիրները լուծել Մոսկվայի հետ միայն ուղիղ երկխոսության միջոցով. «Ինչ վերաբերում է խնդրի իրական լուծմանը, ապա քանիցս հայտարարել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ որևէ խնդիր չի լուծվի առանց Ռուսաստանի իշխանությունների ու Աբխազիայի ու Սամաչաբլոյի (Հարավային Օսիա) դե-ֆակտո իշխանությունների հետ ուղիղ երկխոսության»:
Ժնևյան քննարկումների հերթական, 30-րդ փուլը մեկնարկել է երեկ և ավարտվելու է այսօր: