Ռուսաստանը ներում է Ուզբեկստանի պարտքի մեծ մասը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկօրյա այցով Ուզբեկստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի հետխորհրդային տիրույթի ինտեգրացիոն գործընթացները նպաստեն Ռուսաստանի ու Ուզբեկստանի միջև առևտրային-տնտեսական կապերի հետագա զարգացմանը:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուզբեկստանը մեծ պլաններ ունեն՝ էներգետիկ, միջուկային, ինչպես նաև կադրերի նախապատրաստման ոլորտներում համագործակցելու համար: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանում արդեն իսկ սովորում է 12.000 ուզբեկ ուսանող, իսկ Տաշքենդում գործում է Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ:
Պուտինը նաև վստահեցրել է, որ Ռուսաստանն Ուզբեկստանի հետ համագործակցելու է ռազմատեխնիկական ոլորտում: Նրա խոսքերով՝ ներկայիս այցի համար պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պետք է ընկած լինեն հետագա փոխգործակցության հիմքում: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շատ է գնահատում Ուզբեկստանի հետ վստահության ու փոխըմբռնման բարձր մակարդակը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովն իր հերթին հայտարարել է, որ երկկողմ օրակարգի հարցերի մեծ մասի հանդեպ իրենց գնահատականները համընկնում և մոտ են: Քարիմովը հայտարարել է, որ ԱՊՀ-ն պետք է պահպանվի ու բազմապատկի իր պոտենցիալը:
Պուտինի ուզբեկական այցի օրակարգային հարցերից մեկը վերաբերվում է ֆինանսական հավակնություններին: Ուզբեկստանը Ռուսաստանին պարտք է 890 միլիոն դոլար: Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել է, որ Մոսկվան չեղյալ է հայտարարում այդ պարտքի առյուծի բաժինը՝ 865 միլիոն դոլար: