Բաժիններ՝

Վարշավայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դեկտեմբերի 3-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:

Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, լեհական կողմի համանախագահը` Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում ներկայացվել է երկու երկրների տնտեսական վիճակը, 3-րդ նիստի որոշումների ընթացքը, քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները: Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության, մաքսային, էներգետիկայի` մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, դեղագործության, զբոսաշրջության, տրանսպորտի, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նիստում նշվել է,որ տարեցտարի հայ–լեհական կապերը սերտանում են, սակայն անհրաժեշտ է ջանքեր գործադրել առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Նպատակն իրագործելուն է միտված ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կազմակերպել համատեղ գործարար համաժողովներ, ցուցահանդեսներ, որոնք ևս կնպաստեն երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

Արծարծվել են նաև Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ առնչվող հարցեր,մասնավորապես նոր իրավիճակում հայ-լեհական գործակցության հեռանկարները:

Նիստի արդյունքում ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի Արձանագրությունը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովը հիմնվել է 2010թ. մարտի 12-ին՝ համաձայն կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի:
Հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 13-ին` Երևանում, երկրորդ նիստը` 2011թ. հուլիսի 7-ից 8-ը Վարշավայում, երրորդ նիստը` 2013թ. ապրիլի 21-22-ը Երևանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս