Գլխացավի առաջացման պատճառ կարող է լինել նաև սննդակարգը
Եթե ձեր գլուխը ցավում է, հնարավոր է, որ դրա մեղավորը սննդակարգի փոփոխությունն է: Գիտնականների հաշվարկներով` գլխացավերի դեպքերի 30%-ը կապված է ժառանգականության հետ: Սակայն գլխացավի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, քնի ռեժիմը, ընկճախտը կամ սննդակարգը:
Doctors.am-ի փոխանցմամբ՝ ավելի հաճախ գլխացավերը սկսվում են այն ժամանակ, երբ մարդ կտրուկ անցնում է ցածր կալորիականությամբ սննդի: Մասնավորապես, դա վերաբերվում է այն դիետաներին, որոնք ենթադրում են ածխաջրերի բացառում սննդակարգից: Մինչդեռ ուղեղն օգտագործում է ածխաջրերը որպես “վառելանյութ”:
Բացի այդ, գլխացավը կարող է առաջանալ ջրի ոչ բավականաչափ օգտագործման, ինչպես նաև այն պատճառով, որ ուտելու ժամերի միջև ընկած հատվածը մեծ է:
Գիտնականներն ապացուցել են, որ թիրամին ամինաթթուն նպաստում է գլխացավի առաջացմանը` նվազեցնելով սերոտոնինի մակարդակը: Հետևաբար, թիրամին պարունակող մթերքները նույնպես կարող են գլխացավի առաջացման պատճառ դառնալ: Դրանց թվին են պատկանում կարմիր գինին, այլ ալկոհոլային խմիչքները, պանիրը, շոկոլադն ու մի շարք մսամթերքներ: