Արիզոնայում ոստիկանը սխալմամբ սպանել է աֆրոամերիկացու
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ոստիկանության սպան սխալմամբ կրակել է 34-ամյա աֆրոամերիկացու վրա: Իրավապահը տղամարդու կրծքավանդակին կրակել է այն պահին, երբ նա ձեռքը տարել է դեպի գրպանը:
Ոստիկանը կարծել է, որ գրպանում կարող է գտնվել զենք, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այնտեղ գտնվել են միայն դեղեր: Սպան տղամարդուն կասկածել է թմրանյութ վաճառելու մեջ: Սպանությունից առաջ նրա ու ոստիկանի միջև ծեծկռտուք է ծագել: Վերջին շրջանում ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ընթանում են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց առաջացման պատճառը նմանատիպ դեպքերն են: