Ալեքսանդր Արզումանյան. ՌԴ-ում քաղաքական որոշումներով են որոշում՝ ում սնանկացնեն, ում քաղբանտարկյալ դարձնեն

«Այդ մանթրաները, թե ԵՏՄ-ն քաղաքական միություն չի, զուտ տնտեսական է, մեր կասկածները չեն փարատում և շատ հարցեր կան»,- այսօր ԱԺ նիստում «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ Բլումբերգի հարցման համաձայն՝ հարցվողների 51%-ը ՌԴ-ն համարում են ֆինանսական համաշխարհային շուկաների թիվ 1 սպառնալիք, իսկ, օրինակ, իսլամական երկրները 26%-ն է այդպես համարում:

Նա ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է համարում, որ ներդրում կարվի ՀՀ-ում՝ հաշվի առնելով, որ նախ՝ ՌԴ-ն սպառնալիք է համարվում, և որ ՌԴ ցանկացած գերատեսչություն կարող է ցանկացած պահի վերանայել գերագույն մարմինների որոշումները:

Ս.Կարայանի խոսքով՝ ներդրումների համար ամենակարևոր գործոնը գործարար միջավայրն է և բարեփոխումները, թե երկիրն ինչ գնահատական է ստանում իր ռիսկայնությամբ: Ըստ նրա՝ ՀՀ-ն, միանալով ԵՏՄ-ին, սահմանափակումներ չի կրում, այլ հնարավորություններ է ստանում: Կարայանի համար հասկանալի չէ, թե ինչու պետք է ներդրողները պակասեն: Նա նշեց, որ ՀՀ-ն իր պատրաստի արտադրանքը արտահանում է հենց ԱՊՀ երկրներ, իսկ անդամակցությունը կկրճատի գործառնական ծախսերը: Փոխնախարարի խոսքով՝ կա ԵՏՄ դատարան, որին կարելի է դիմել որևէ հարցով:

Կարդացեք նաև

Ա.Արզումանյանը տարակուսեց, թե ո՞վ է ասում, որ արտահանմանը խոչընդոտ կա, բայց արդյոք կա՞ այդքան արտադրանք արտահանելու համար: Նա շեշտեց, որ ՌԴ-ում քաղաքական որոշումներով են որոշում՝ ում սնանկացնեն, ում քաղբանտարկյալ դարձնեն, նույնը Ղազախստանում է, նույնը Բելառուսում. «Գնում ենք ռիսկային գոտի և այս սանկցիաների վճակում որևէ ներդրում չենք սպասում»:

Տեսանյութեր

Լրահոս