Ինչ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման նախագծի տակ, որը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, երեկ ստորագրել է ընդամենը երկու պատգամավոր` Զարուհի Փոստանջյանը և Ալեքսանդր Արզումանյանը: Անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն: Այդքան ստորագրություն կհավաքվեր, եթե Փաշինյանի նախաձեռնությանը միանային հանրահավաքներում իշխանափոխության մասին խոսող ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները: Սակայն այս խմբակցությունները տարբեր պատճառաբանություններով մերժեցին միանալ այդ նախաձեռնությանը: Հիմնավորումներից մեկն այն էր, թե՝ եթե անգամ հարցը քննարկվի, Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ 88 կողմ ձայնը հնարավոր չէ հավաքել: Այսինքն՝ այսկերպ եռյակը փաստացի ընդունում է, որ սահմանադրական ճանապարհով նախագահի պաշտոնանկությանը հասնել անհնար է:
Իսկ թե ուրիշ ի՞նչ կերպ է հնարավոր հասնել իշխանափոխության, ըստ եռյակի՝ կարելի է միայն ենթադրել: Իրականում, սակայն, Փաշինյանի այս նախաձեռնությունը ցույց տվեց, որ խորհրդարանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է. նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը: