Գալուստ Սահակյան. «Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Նրա խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու փաստով: Գալուստ Սահակյանը հանդիպման ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային բազմադարյան կապերը:

«Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ
նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական
հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի
միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում
ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը
շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին աշխատանքային այցով
Ֆրանսիայում գտնվելու համար: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում հայկական մեծ
համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից: Կլոդ Բարտոլոնը
վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝
որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա» խորագրով տնտեսական համաժողովին:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս