Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել վրացական ընդդիմության հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանական փոքրամասնության՝ «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) պատգամավորներն իր ելույթից հետո լքել են խորհրդարանի նիստերի դահլիճը.
«Ես ափսոսում եմ, որ խորհրդարանական փոքրամասնությունը լքել է նիստերի դահլիճը: Բնականաբար, մենք մշտապես պատրաստ ենք քաղաքական բանավեճերի, սակայն ներկայումս նախագահի ու ընդդիմության միջև քաղաքական բանավեճերի անցկացման տեղը Վրաստանի խորհրդարանը չէ»:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ. «Բնականաբար, ես հանդիպում եմ քաղաքական բոլոր կուսակցությունների հետ: Ինձ համար կարևորը Վրաստանում կուսակցությունների գոյությունն է: Բնականաբար, եթե ընդդիմությունը ցանկանում է խոսել ինձ հետ, ապա նախագահի դռները բաց են նրանց հետ զրույցի համար»:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ առաջին անգամ է օգտվել խորհրդարանում ելույթ ունենալու համար իր սահմանադրական իրավունքից. «Սահմանադրության այդ կետը ցայժմ չէր գործել: Սա առաջին դեպքն էր»: Մարգվելաշվիլին երեկ էլ հանդիպել է երկրի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի հետ: