«Քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ, այլ կան շահեր». քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ, այլ կան շահեր: Մեզ հետ զրույցում խոսելով այն մասին, որ այսօր ՀԱԿ-ը, որը ժամանակին մեղադրում էր «Բարգավաճ Հայաստանին» Մարտի 1-ի մեջ ներգրավված լինելու մեջ, ԲՀԿ-ի հետ նույն հարթակում է կանգնած` նկատեց, որ դա շատ նորմալ երևույթ է:
– ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով` իշխանությունները չեն համարձակվի երկրորդ Մարտի 1 կազմակերպել, քանի որ որևէ դեմոկրատական երկիր միջազգային ասպարեզում դա չի ընդունի: Բացի այդ, ըստ նրա` այժմ իշխանությունը մեկուսացած է. 2008 թվականին Սերժ Սարգսյանի կողքին էին Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, ՕԵԿ-ը, և նրանք համախմբված մի ճամբար էին ներկայացնում: Եթե ՀԱԿ-ը պահանջատեր չէ Մարտի 1-ի հարցում, միջազգային կառույցների՞ց պետք է վախենան իշխանությունները:
– Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին մեղադրում էր Գագիկ Ծառուկյանի թիկնազորին Մարտի 1-ի դեպքերին մասնակցելու մեջ, հիմա իրենք համագործակցում են իրար հետ: Դա շատ նորմալ երևույթ է քաղաքական ոլորտում, որովհետև քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ, կան շահեր: Ես բացարձակ չեմ զարմանում, որ նրանք համագործակցում են: Ինչ վերաբերում է երկրորդ Մարտի 1-ին, պետք է նշեմ` ամենաառաջինը` ժողովուրդը չի ների իշխանություններին, երկրորդը` դա կդառնա ուղղակիորեն «դամոկլյան սուր» այն իշխանությունների գլխին, որը երկրորդ անգամ կկազմակերպի Մարտի 1:
Եվրոպական կառույցները կամ ԱՄՆ-ը ոչ թե դա չեն ընդունի, այլ ընդհակառակը` շատ լավ կընդունեն և կդարձնեն շանտաժի առարկա այն իշխանությունների նկատմամբ, ովքեր երկրորդ Մարտի 1 կկազմակերպեն սեփական ժողովրդի նկատմամբ, և կկորզեն այն ամենը, ինչ հնարավոր է կորզել Հայաստանի Հանրապետությունից` տարբեր առումներով: Արևմուտքը և ԱՄՆ-ը սկզբից իրենց դժգոհությունը կհայտնեն, բայց հետո շանտաժի կենթարկեն Հայաստանի իշխանություններին` իրենց օգուտը ստանալու համար: Այնպես որ, այս իշխանություններն իրենց թույլ չեն տա երկրորդ Մարտի 1 կազմակերպել, առավել ևս` այն դեպքում, որ այդ կազմակերպիչն այն քաղաքական ուժն է, որը կանգնած է առաջին Մարտի 1-ի թիկունքում:
– Նշեցիք, որ քաղաքականության մեջ չկան թշնամիներ, այլ կան շահեր: Ի՞նչ շահ է հետապնդում եռյակի անդամներից յուրաքանչյուրը` իրար հետ մի հարթակում կանգնելով:
– Այս 3 կուսակցություններից յուրաքանչյուրը բավական բազմագույն են և անհամապատասխանություն ունեն` թե՛ իրենց գաղափարախոսության, թե՛ իրենց ծրագրային դրույթներով, բայց իրենք ունեն մեկ գլխավոր խնդիր. իրենք չեն ուզում թույլ տալ ՀՀԿ-ի վերարտադրությունը` պառլամենտական հանրապետության տեսքով: Այսինքն` մեծ մասամբ հենց սրա շուրջ է նրանց միավորումը` սահմանադրական բարեփոխումների տապալումն այն չակերտավոր բարեփոխումների, որը նախաձեռնել է ՀՀԿ-ն:
– Չե՞ք հավատում, որ եռյակը կհասնի արտահերթ ընտրությունների և արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կանի:
– Ես ոչ թե չեմ հավատում, այլ հավատում եմ ընդդիմադիր եռյակի ղեկավարներին` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի: Նրանցից գոնե երկուսը հայտարարում են, որ իրենք իշխանափոխությունը պատկերացնում են Սահմանադրության դրույթները չխախտելով: Այդ պարագայում ես երկու տեսակետ ունեմ. ամենաառաջինը` ֆորսմաժորային իրավիճակների ստեղծման պատճառով նույն իշխանությունն ինքն է հրաժարական տալիս, և նշանակվում են արտահերթ ընտրություններ, ինչպես դա եղավ 1998 թվականի փետրվարի 3-ին, իսկ երկրորդ տարբերակը` ընդդիմությունը սպասում է մինչև հաջորդ համապետական ընտրություններ:
– Հիմա ո՞ր տարբերակը կլինի, մինչև 2017-18 թվականներ կսպասի՞ եռյակը:
– Իրենց արած երկու հանրահավաքներից ես դեռ չեմ եկել այն եզրակացության, որ ընդդիմությունը պատրաստվում է կտրուկ քայլերի: Հանրահավաքին մասնակից ժողովուրդը երբ գոչում էր` «հիմա-հիմա», Լևոն Տեր-Պետրոսյանը բացեիբաց ասաց, որ հիմա չի լինելու, եթե հիմա չի լինելու` բա ե՞րբ է լինելու: Իրենց հանրահավաքներով նաև կոչ են անում հաշվի նստել ընդդիմության շահերի հետ, որովհետև նույն Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքն արդեն տվել է իր դրական արդյունքները, իշխանությունները գնացել են զիջումների և հայտարարել են, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսակետն իրենք կհայտնեն 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
– Այսինքն` եթե ամեն անգամ նման զիջումների գնա իշխանությունը, եռյակի ուժերը կբավարարվեն ու իշխանափոխություն չե՞ն անի:
– Դուք շատ լավ գիտեք, որ Սերժ Սարգսյանը շատ սիրում է ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծել և այնպես անել, որ ընդդիմությունը հայտնվի «շատ հետաքրքիր» վիճակներում: Հիշո՞ւմ եք, երբ ընդդիմությունը նախապատրաստում էր ցույց` վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջով, դրանից մոտ 10 օր առաջ այդ նույն Սերժ Սարգսյանը հանգստի ուղարկեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսինքն` հիմա մենք չենք կարող ասել, թե ինչ քաղաքական պրոցեսներ տեղի կունենան, ավելի երկար ժամանակահատվածի համար կանխատեսումներ չենք կարող անել: Նաև մենք անպայման պետք է հաշվի առնենք, որ Հայաստանում ամեն ինչ չէ, որ լուծվում է միայն Երևանում: Մենք ունենք գործընկեր` ի դեմս Մոսկվայի, և նրա շահերն էլ Հայաստանի Հանրապետությունում անպայմանորեն հաշվի են առնում գրեթե բոլոր քաղաքական ուժերը: