Բաժիններ՝

Ինչ հանգամանքներում են մահացել 27 -ի վկաները. «Ա1+»

«Ա1+»-ը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից անցել է 15 տարի, սակայն մինչ օրս ոճրագործության կազմակերպիչների մասին ոչինչ հայտնի չէ: Թեեւ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար:

Սակայն 2 տարի 9 ամիս տեւած նախաքննությունը որեւէ արդյունք չտվեց: Ըստ պաշտոնական գնահատականի, կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։

Սակայն որեւէ արդյունք չունենալու պատճառով 2004թ. նոյեմբերի 11-ին անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է:

2014 թվականի մարտ ամսին Ամերիկայի Միացյալ նահանգներում վաղաժամ կյանքից հեռացավ հոկտեմբների 27-ի գործով առանցքային վկա Տիգրան Նազարյանը, ով երկու ժամ Նաիրի Հունանյանի հետ է անցկացրել ահաբեկչությունից հետո եւ ով հեռախոսային վկայություն է տվել ԱՄՆ-ից՝ Ռոբերտ Քոչարյան – Նաիրի Հունանյան առանձնազրույցի կապակցությամբ: Նա նշել է, որ ըստ էության, բոլոր տեխնիկական պայմանները եղել են, որպեսզի այդ զրույցը ձայնագրվի` միացված բարձրախոսների միջոցով: Այսպիսով, նա կամ հաստատում է, որ այդպիսի ձայնագրություն կա, կամ հասկացնում, որ եթե չկա նման ձայնագրություն, ապա դա տարօրինակ է:

Տարօրինակ է այն, որ Հանրայի հեռուստաընկերությունը իր թղթակցին՝ Տիգրան Նազարյանին, 2000 թվականի նոյեմբերին գործուղեց ԱՄՆ, որից հետո խզեց նրա հետ պայմանագիրն ու վերջինս զրկվեց հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Նա այս մասին նույնիսկ թերթերից մեկին հարցազրույց տվեց: Նրա նկատմամբ եղել էին նաեւ ճնշումներ, ահաբեկումներ, որ չհամարձակվի վերադառնալ Հայաստան, այլապես իր կյանքին վտանգ է սպառնում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս