Արա Հարությունյանը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ:
«Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել են նաև «Բեյզ Մեթլս» հանքարդյունաբերական ընկերության Դրմբոնի հանքավայր, որտեղ հետևել են արտադրական պրոցեսին:
Վարչապետը բարձր է գնահատել այդ ոլորտի դերն Արցախի տնտեսության զարգացման գործում՝ կարևորելով հանքարդյունաբերությունում ևս շվեյցարահայ գործարարի կատարած ներդրումները:
Այնուհետև նրանք այցելել են սահմանամերձ Մատաղիս համայնքի վարչական տարածք, որտեղ Վ. Սերմաքեշի ֆինանսական ներդրումներով մեկնարկել է Արցախի տնտեսական մեծածավալ նախագծերից մեկի՝ սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը:
Կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները: Ըստ նախագծի՝ առաջիկա տարիներին Արցախը դառնալու է այդ սննդամթերքի խոշոր արտահանող:
Բացի ակնկալվող տնտեսական նշանակությունից, Ա. Հարությունյանն ընդգծել է նաև ծրագրի՝ սահմանամերձ համայնքում իրագործվելու հանգամանքը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա շրջակա գյուղերի բարգավաճման համար: Վարչապետի հետ միասին շվեյցարահայ գործարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, քննարկել առաջիկա ծրագրերը:
Կառավարության ղեկավարը կարևորել է Վ. Սերմաքեշի մասնակցությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում, որը ներառում է մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսություն, բանկային համակարգ, հիդրոէներգետիկա, հանքարդյունաբերություն՝ շեշտադրելով, որ նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ մլրդ դրամի սահմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն