Այսօրվա հին Հավլաբարը (լուսանկարներ)
«Էն Հավլաբարը չի»,- այսօր եթե լինեք Թիֆլիսի ամենահայկական թաղամասերից մեկում` Հավլաբարում, այս նախադասությունը շատերից կլսեք: Ինչպես հավլաբարցիներն են ասում` «դիփ թողել-հեռացել են». անվերադարձ հեռացել են տարբեր երկրներ ու իրենց հայկական բնակարանները վաճառել այլազգի մարդկանց:
Դեռ մեկ դար առաջ ամենաշատ հայությունով բնակեցված թաղամասը Հավլաբարն էր համարվում, այս օրերին հավլաբարցիների նույնիսկ կեսը հայերը չեն կազմի:
Ճիշտ է, այսօրվա Հավլաբարը չես համեմատի այն ժամանակների հետ, բայց, այնուամենայնիվ, այն հայտնի է` որպես հայկական թաղամաս, ու հայերն այստեղ շարունակում են ապրել, ստեղծագործել ու մնալ հայ: Որոշ մշակութային կենտրոններ դեռ պահպանվել են Հավլաբարում:
Այստեղ է Պետրոս Ադամյանի անվան Թիֆլիսի միակ հայկական թատրոնը, Մանուկյանների հայտնի «Ֆոտո Մանուկյան» լուսանկարչատունը, «ՀայԱրտուն» կենտրոնը և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որն օգնում է թիֆլիսահայերին հայ մնալ ու եկեղեցու հետ միշտ կապի մեջ լինել: Թիֆլիսահայերն այստեղ են պսակադրվում, կնքվում, աղոթում ու նշում եկեղեցական բոլոր տոները: «Ովքեր հայ են մնացել, պահպանել են եկեղեցու հետ իրենց կապը, իսկ ովքեր ազգությունը փոխել են ու վրաց եկեղեցում մկրտվել, իրենք էլ եկեղեցու հետ ընդհանրապես կապ չունեն»,- ասում է Սուրբ Էջմիածին եկեղեցու Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Ի տարբերություն Վրաստանի մյուս շրջաններում ապրող հայերի` այստեղ մարդիկ ավելի եկեղեցուն մոտ են, քանի որ Թիֆլիսում մինչև 1921-1922 թվականները գործել է 26 հայկական եկեղեցի: Հիմա, ցավոք, մնացել են երկու գործող եկեղեցիներ. մեկը Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին է, մյուսը` Մեյդանի Սուրբ Գևորգ եկեղեցին, որն այսօր վերանորոգման պատճառով փակ է: Թիֆլիսի հայերը պահպանում են եկեղեցու հետ կապը և եկեղեցական տոներին այցելում են եկեղեցի: Տոներից ամենաշատը Զատիկն ու Ծաղկազարդն են սիրում: Այդ օրերին եկեղեցին միշտ հայերով լի է լինում, սակայն ապրելով Վրաստանում` նրանցից շատերը հետևում են վրացական օրացույցին, ու եկեղեցում տոների խառնաշփոթ է լինում:
«Մինչև 2001 թվականը Վրաստանի հայերը եկեղեցական տոները նշում էին հին տոմարով` Վրաստանի հետ միասին: Այստեղ հին տոմարով տոնում էինք մեկ շաբաթ կամ 13 օր հետո, ու անհարմար էր լինում շատերին, քանի որ մենք Հայաստանին մոտ ենք գտնվում, թիֆլիսահայերն ու Հայաստանի հայերն իրար հետ սերտ կապի մեջ են. մարդիկ այստեղից գնում են տոնի, Սրբխեչ (Խաչվերաց) են գնում, Տրընդեզգ Հիմա, որպեսզի հարմար լինի, մեր առաջնորդի հրահանգով տոները նշվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, նոր տոմարով` ինչպես մայր հայրենիքում: Հիմա մեծամասամբ թիֆլիսահայերը տոնում են նոր տոմարով, սակայն կան մարդիկ, որ դեռ հետևում են հին տոմարին, ու ստիպված ենք լինում տոնը նշել երկու անգամ. դե, մարդը ճյուղերը վերցրել-եկել է Զատիկի օրը, նրան ասենք` չե՞նք օրհնում: Եվ որպեսզի ժողովրդին գլխիկոր ետ չդարձնենք, իրենց խնդրանքը կատարում ենք և օրհնում ճյուղերը: Հուսանք` ժամանակի ընթացքում այս հարցը կլուծվի, ու ժողովուրդը կընտելանա»,- ասում է Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հավլաբարի Սուրբ էջմիածին եկեղեցուն կից գործում է «ՀայԱրտուն» կրթամշակութային կենտրոնը, որտեղ շաբաթ-կիրակի օրերին տարբեր շրջաններից գալիս են շատ հայեր և ուսանում հայերեն: Կենտրոնում կա նաև նախակրթարան, գործում են պարի, երգի, շախմատի, դուդուկի, դհոլի խմբակներ, ու այս ամենն ամբողջությամբ անվճար է: «ՀայԱրտունը» թիֆլիսահայոց համար մեծ հնարավորություն է ստեղծում սովորել հայերեն գիրը, քանի որ այստեղի ամենամեծ խնդիրներից մեկը հայոց այբուբենը չիմանալն է: Վրաստանում շատ-շատերը վարժ խոսում են հայերեն. ամենօրյա խոսքն այստեղ հայերենով է, սակայն նրանք դժվարանում են կարդալ կամ գրել հայերենով, քանի որ և՛ մեծահասակները, և՛ երեխաները չգիտեն հայոց այբուբենը:
Չնայած ժամանակին Թիֆլիսում եղել են տասնյակից ավելի հայկական դպրոցներ, այժմ հայ երեխաները ստիպված են հաճախել միայն վրացական դպրոցներ, լավագույն դեպքում` ռուսական թեքումով, որոնցից շատերը վերջին տարիներին էլ սկսել են փակվել կամ փոխվել վրացականի: Գործում է միայն մեկ հայկական դպրոց` 104 հանրային դպրոցը:
Պետրոս Ադամյանի անվան թատրոնը ոչ միայն Հավլաբարի, այլ նաև ամբողջ Վրաստանի միակ հայկական թատրոնն է: Վարդագույն պատերով ու հայկական աֆիշաներով պատված շենքն անհնար է չնկատել, սակայն արդեն երեք տարի է` շենքը համարվում է վթարային, և ներսում ներկայացումներ չեն ցուցադրվում: Հիմա թատրոնում միայն դերասաններին ու աշխատողներին կգտնես. չնայած հանդիսատես այստեղ չի լինում, բայց դերասանները շարունակում են իրենց փորձերը և հայ հանդիսատեսի առջև ներկայանում ուրիշ բեմերում:
Հին հավլաբարյան տներից շատ չեն պահպանվել. մի քանի բակերում հնարավոր է` հայկական շունչը զգաս, սակայն այդ բակերում էլ ամբողջությամբ հայերը չեն ապրում:
Իսկ ա՛յ, թատրոնի աջ կողմում գտնվող «բեսեդկան» Հավլաբարի ամենաուրախ ու ամենահայկական վայրն է հանդիսանում: Այստեղ են հավաքվում հավլաբարցի «պարապ-սարապ» պապիներն ու հայկական զրույցներ անում: «12-ից մինչև երեկոյան ժամը 5-ը ստեղ ենք: Լավ ենք, շատ լավ. պարապ-սարապ նստած դոմինո ենք խաղում, էլի: Ամեն օր ըստի ենք, գործ չունենք»,- ասում են հավլաբարցի անգործ պապիները:
Հին ֆիլմերի, Սունդուկյանի ու Թումանյանի Հավլաբարը չես գտնի հիմա, բայց, անկասկած, հայերեն խոսք կլսես ամենուր, ու քեզ էլ այստեղ շատ լավ կհասկանան ոչ միայն հավլաբարցի հայերը, այլ նաև վրացիները: Իսկ թե ռուսերենով շփվես, շատ հավանական է, որ այդ մարդկանց իրական ազգությունն այդպես էլ չիմանաս: Հայերն ու վրացիները տարիներ շարունակ իրար կողքի հաշտ ու համերաշխ ապրում են ու օր օրի ավելի են իրար նմանվում:
«Էն Հավլաբարը չի, հայերը հիմա շատ չեն: Հիմա մի քիչ էն չի Թիֆլիսի հայությունը. միացած չենք: Բայց ստի ամենաքիչը 60 պրոցենտ հայ ա` ազգ փոխած. կոմունիզմը որ եկավ, հայերին ստիպեց ազգերը փոխեն: Իսկական հայերս շաբաթ-կիրակի գնում ենք եկեղեցի, թատրոնգ Դե, թատրոն հիմա չէ. վերանորոգում ա էս մի քանի տարի: Մենք` իսկական հայերս, բոլոր ավանդույթները պահում ենք: Ամբողջ Թիֆլիսում 80000 հայ ենք, շատերը հեռացան, գնացին Ռուսաստանգ»,- ասում է Հավլաբարի բնակիչ Սերգեյ Էգնատոսյանը:
Հավլաբարցիները սիրում են իրենց բնակավայրը, հպարտանում իրենց անցյալով ու մի փոքր հուսահատվում ներկայով: Տխրում են, որ շատերը հեռացան, ու դեռ հնարավոր է` մնացածն էլ հետևեն նրանց օրինակին, բայց այսօրվա հավլաբարցիներից յուրաքանչյուրը համոզված է, որ Հավլաբարը միշտ էլ կմնա հայկական թաղամաս, ու եկող սերունդներն էլ կմնան հայ ու կպահպանեն ներկայիս հայկական կենտրոնները: