Սեքսն ու սխրանքները՝ բուհերում

Միանգամից դժվար է ասել, որ 2014թ. հոկտեմբերի 22-ը ոսկե տառերով կմնա մեր բազմադարյա կրթության պատմության մեջ: Բայց այդ օրն ահագին բան ճշտվեց: Հետևաբար` այն հիշողության մեջ հաստատ կմնա: Բոլորս էլ գիտեինք, որ մեր կրթական համակարգը դանդաղ, բայց կայուն տեմպերով անկում է ապրում: Բոլորս էլ գիտեինք, որ 91թ. հետո ՀՀ կրթական համակարգն ավելի շատ ավարտական դիպլոմներ է տրամադրել, քան 405թ. մինչև 1991թ. ներառյալ: Բայց մեր պետական այրերի նկատելի հատվածը 1990-ականներից հետո միայն բարձրագույն կրթությունը հաստատող դիպլոմներով չհագեցրեց իր ուսումնատենչությունը: Նրանցից ամենախոհեմները նախապես միջնակարգ կրթության ատեստատներ ձեռք գցեցին: Հետո նոր՝ բուհի դիպլոմ:

«Ախորժակն ուտելիս է բացվում»,- վստահեցնում է ժողովրդական ասացվածքը: Վերջին տարիներն արդեն գիտությունների թեկնածուների ու դոկտորների դիպլոմների տիրաժավորման շրջան են: Նրանք, ովքեր ժամանակին խոհեմություն չունեցան միջնակարգ կրթության «արժանահավատ» փաստաթղթեր ձեռք բերել՝ չհուսահատվեցին: Չհուսահատվեցին ու սկսեցին դոկտորական դիպլոմներ ձեռք բերել արտասահմանում: Այդպես մեր իշխանավորների շարքերում ավելացան պատմափիլիսոփայական ու բազում այլ գիտությունների դոկտորներ: Այլ կերպ ասած՝ իրավիճակը հանդարտ զարգանում էր:

Որքան ավելանում էր ՀՀ բուհերի դիպլոմները չճանաչող երկրների թիվը, որքան կրճատվում էր արտասահմանցի ուսանողների քանակը, այնքան ավելի շատ դիպլոմ էր «իրացվում» ներքին շուկայում: Բայց 2014-15թթ. ուսումնական տարին փորձանքով սկսվեց: Բուհի անվան տակ գործող առևտրային կազմակերպությունների մեծ մասն այս ուսումնական տարում անհրաժեշտ քանակությամբ դիմորդ չունեցավ: Ու հանկարծ կրթության համակարգի գաղջ մթնոլորտը պայթեց: Պայթեց` հոկտեմբերի 22-ին:

Առավոտյան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, որ ժամանակին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ համեստ անունն էր կրում, Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետը հայտարարություն տարածեց: Նա հասարակությանը տեղեկացնում էր, որ Ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավարը գիշերը մտնում է իր ղեկավարած վարչության աշխատակիցների սենյակներ ու ստուգումներ անցկացնում:

«Բայց ինչո՞ւ գիշերով» հարցը, պարզվում է, պատասխան ունի: Սպառիչ և ամեն ինչ բացատրող պատասխան: Պարզվում է` բուհի աշխատակազմի ղեկավարը նախկին ոստիկան է: «Իսկական գնդապետ»,- ինչպես երգվում է ռուսական հանրահայտ շլյագերում: Բա ի՞նչ էիք կարծում՝ 20-ամյա ոստիկանական աշխատանքի փորձն անհետ կորելո՞ւ էր: Կրթական խոշորագույն համակարգերից մեկում` Ճարտարագիտական համալսարանում տիրող իրավիճակի մասին լուրը մամուլը տարածեց «Սեքս սկանդալից հետո ՀՊՃՏ ՏՏ բաժնում խուզարկություններ են սկսվել» խոսուն վերնագրով:

Աշխատակազմի ղեկավարն իր արարքը ոստիկանին բնորոշ պարզամտությամբ բացատրել է՝ ասելով, որ ռեկտորի թույլտվությամբ է մտել աշխատասենյակներ` պարզելու` էլեկտրաէներգիան միացվա՞ծ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք` խոսքը գնում է տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասին: Այն, որ 20-ամյա աշխատանքային ստաժը չի օգնել նախկին ոստիկանին տեղեկանալու, որ ՏՏ բաժնի համակարգիչները կարող են գիշերն էլ աշխատել, դա հասկանալի է: Բայց, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի դիպլոմներ տրամադրող բուհի ղեկավարը չգիտի, որ համակարգչային գործի մասնագետները համակարգիչներին գիշերային «հանձնարարություններ» են տալիս` աններելի է: Աններելի է, որ նա դեռ տեղեկացված չէ, որ իրենց համակարգիչներն այդ ոլորտի մասնագետները հեռահաղորդակցմամբ էլ են կառավարում` ըստ անհրաժեշտության: Կրթության թեման հետո նշանավորվեց հարազատ խորհրդարանում: Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «բախվեցին» ՀԱԿ պատգամավորն ու ՀՀ գիտության ու կրթության նախարարը:

Թեման բուհերի այսօրվա վիճակն էր: Արդեն մի քանի ամիս հայտնի է, որ 2014-15թթ. ուստարում հայաստանյան բուհերը չհամալրվեցին առաջին կուրսեցիներով: Նախատեսված քանակով չհամալրվեցին: Նախնական տվյալներով` 17 հազար տեղի համար ընդամենը 13 դիմորդ էր դիմել: Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար բուհերից մեկին՝ Ազգային ագրարային համալսարանին, թույլատրվեց անգամ առանց քննությունների ընդունելություն կազմակերպել: Սա, հնարավոր է, կոնկրետ բուհի ֆինանսական խնդիրների լուծման ճանապարհ է: Բայց դժվար թե այն բացասաբար չազդի կրթության որակի վրա:

Ակնհայտ է, որ երկրում տիրող գաղջ մթնոլորտն արտացոլվել է մեր կրթական համակարգում: Արտացոլվել է, ու հիմա դժվար է գլուխ հանել` «Կրթության ոլորտում գաղջ մթնոլորտ է, որովհետև կրթության որակն ընկե՞լ է: Թե՞ կրթության որակն ընկել է, որովհետև ոլորտում գաղջ մթնոլորտ է»:

Տեսանյութեր

Լրահոս