Քոբանիի ռմբակոծությունների ժամանակ զոհվել են հարյուրավոր իսլամականներ. Պենտագոն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Քոբանի քաղաքին հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական պետության» հարյուրավոր զինյալներ:
Այս մասին այսօր հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին: Նրա խոսքերով՝ կոալիցիայի ինքնաթիռները վերջին երկու օրվա ընթացքում մոտ 40 հարված են հասցրել քրդաբնակ այդ քաղաքին, որը պաշարել են զինյալները:
Կիրբին ընդգծել է, որ իսլամականների դիրքերի ռմբակոծությունները թուլացրել են «Իսլամական պետության» ուժերն ու հնարավորությունները և չնայած դրան՝ քաղաքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, քանի որ ջիհադականները շարունակում են վերահսկել Քոբանիի մի մասը: Առկա տեղեկատվության համաձայն՝ այդ քաղաքում մնացել է միայն մի քանի հարյուր քաղաքացի: