«Ես ցանկանում եմ, որպեսզի այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները». Սերժ Սարգսյանի տարօրինակ ցանկությունը. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն գրում է. Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները շրջել են նորաբաց դպրոցում, որից հետո ելույթով է հանդես եկել Սերժ Սարգսյանը: Նա հայտարարել է, որ միջազգային այս դպրոցի ծրագրի իրականացման համար միավորվել են մասնավոր եւ պետության ջանքերը: «Եվ սա ամենալավ առիթն է, որ ես իմ խորին շնորհակալությունը հայտնեմ բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այս ծրագրի իրականացման համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ դպրոցի կառուցումը մեծ ներդրում պահանջող ծրագիր էր, բայց շահույթ չի հետապնդում:
«Երբեմն մարդկանց աչքերը սեւանում են շահույթ ստանալու մոլուցքից, բայց ի ուրախություն բոլորիս ծրագիրը հովանավորող մարդիկ այդպիսին չեն, եւ նաեւ չափազանց կարեւոր է, որ այս ծրագրի իրականացումը համընկավ մեր ռազմավարական նպատակադրման հետ»,- իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ Հայաստանն, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, չունի բնական պաշարներ, բայց ունի կարեւորը` մարդկային կապիտալ:
«Մեր ընտրած ճանապարհը այլ է, մենք զարգացնում ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծարար ընդունակություններից: Հայերի գործարար հաջողությունները միշտ հիացմունք են առաջացրել, եւ եթե որեւէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվում է, ապա մարդկային այս որակները չեն սպառվում»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:
Ս. Սարգսյանը նշեց, թե ցանկանում է մեկ հայտարարություն անել, որը, իր խոսքով, գուցե շատերի համար տարօրինակ կթվա: «Ես ցանկանում եմ, որպեսզի այս դպրոցում սովորեն նաեւ ադրբեջանցի ուսանողները եւ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այն շուտ գա»,- ասաց Ս. Սարգսյանը:
Մանրամասներն՝ այստեղ.