Ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում. ԱՆ
1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակվեց Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Ամբողջ աշխարհում այս ոլորտի հիմնախնդիրները գնալով ահագնանում են:ԱՀԿ տվյալներով՝
• 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում
• աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում
• ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում
• աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է շիզոֆրենիա ախտորոշմամբ և շիզոֆրենիան հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է
• շիզոֆրենիայով հիվանդների 50%-ը բուժօգնության մատչելիության խնդիր ունի
• զարգացող երկրներում շիզոֆրենիայով հիվանդների 90%-ը բուժում չեն ստանում:
Այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»:
Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 մարդ, որոնցից մոտավորապես 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը:
Հոգեկան խանգարումները, ինչպես և մարմնական հիվանդությունները ենթակա են բուժման:
Անթույլատրելի է ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ:
Հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:
ՀՀ Առողջապահության նախարարություն