Մարգարիտ Եսայանը՝ ԲՀԿ-ականներին. Եթե իսկապես այդ ուժի ներկայացուցիչները ձգտում են իշխանափոխության, շատ լավ կլինի, որ իրենք իրենցից սկսեն

«Ես կարծում եմ՝ այսօր ոչ իշխանական քաղաքական 3 ուժերը հոգեբանական շատ վատ վիճակում են, որովհետև իրենք էլ հաճախ մոռանում են, թե ինչ են ասում, և, կարծես թե, մեկը մյուսի ասածը չի լսում»,- 168.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով այսօր Գյումրիում տեղի ունեցած եռյակի հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորների հնչեցրած իշխանափոխության կոչերի մասին:

Մասնավորապես, հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ասել էր. «Այս իշխանությունը պիտի հեռանա, ես նորից կրկնում եմ, գերակա միակ օրակարգը սա պետք է լինի: Թույլ չենք չտալու գործող իշխանությանը սահմանադրության բարեփոխումների բլեֆի և ավանտյուրայի տակ նորից վերարտադրվել: Մենք ձեզ հետ միասին այս ամենի վերջը դնելու ենք: Այո, դժվար է լինելու մեր ճանապարհը, հեշտ չի լինելու: Մենք և դուք բազմիցս համոզվել ենք, թե ինչպիսի իշխանության հետ գործ ունենք. մի իշխանություն, որն ապացուցել է, որ ցանկացած գնով պահելու է իր իշխանությունը: … Մենք ձեզ հետ կոտրելու ենք կրիմինալի վերջը»:

Մ. Եսայանի խոսքով՝ երբեմն այդ ուժերի ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, որ իրենք կգնան ժողովրդի մոտ, կդիմեն ժողովրդին, և ինչպիսի պահանջ դնի ժողովուրդը՝ այդ պահանջներն իրենք կփորձեն իրականացնել: Երբեմն նրանք հայտարարում են՝ իշխանափոխություն կամ որևէ այլ բան. «Այսինքն՝ նույնիսկ իրենք մեկմեկու չեն լսում: Այս իրավիճակում ի՞նչ լուրջ բան ակնկալել այն ուժերից, որոնք անգամ իրար էլ չեն լսում, իրենց ասածներն են մոռանում: Ձեր նշած քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ տարբեր բաներ են ասում, և եթե իսկապես այդ ուժի ներկայացուցիչները ձգտում են իշխանափոխության, շատ լավ կլինի, որ իրենք իրենցից սկսեն, որովհետև այսօր այդ քաղաքական ուժը ներկայացված է Ազգային ժողովում: Այսինքն՝ ուզի, թե չուզի, ինքն իշխանության մաս է: Այսօր այդ քաղաքական ուժի ներկայացուցիչները Ազգային ժողովում պաշտոններ են զբաղեցնում՝ հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ, սա նշանակում է, որ նրանք իշխանության մաս են և իշխանություն են իրականացնում ոչ միայն Ազգային ժողովում, այլև այդ ուժի որոշ ներկայացուցիչներ՝ նաև գործադիր մարմնում:

Լավ կլինի, ի վերջո, կողմնորոշվեն իրնեց ուզած իշխանափոխությունը անձամբ իրե՞նց է վերաբերվում, թե՞ վերաբերում է ուրիշներին: Այսինքն՝ իրենք իրենց իսկ կատարած աշխատանքից են դժգոհ, այդ պատճառով են ուզո՞ւմ իշխանափոխություն: Թե չէ, կանգնել հասարակության առաջ և ճառեր ասելը, երբ դրանց տակ չկա լրջություն, հիշողություն, թե դու ինչ ես ասել որոշ ժամանակ առաջ, կամ քո քաղաքական թիմի գործընկերը ինչ է ասել որոշ ժամանակ առաջ, դա արդեն շատ տարօրինակ է, եթե չասեմ ծիծաղելի: Կարծում եմ՝ այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները կողմնորոշվելու խնդիր ունեն, ի վերջո կողմնորոշվեն՝ ինչ է իրենց ուզածը և հետո կանգնեն հասարակության առաջ և ճառեր ասեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս