«Կային մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք ունեին մանկական երազանք և փորձում են դա իրականացնել». ՀՀԿ-ական պատգամավորը՝ ոչ իշխանական ուժերին

«Սահմանադրական բարեփոխումները, բնականաբար, ինքնանպատակ չեն, այսօր ես՝ որպես ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տարբեր առումներով առնչվելիս՝ տեսնում եմ, որ կան նույնիսկ տեխնիկական խնդիրներ, որոնք կարելի է փոխել կամ բարեփոխել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ այս տեսակետը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա համար խորթ է «սահմանադրական բարեփոխումներին դեմ ենք» արտահայտությունը. «Կարող ենք բարեփոխումների մեջ մեկ, երկու, երեք կետին, դրույթին, գաղափարին դեմ լինենք, բայց ընդհանարապես բարեփոխման դեմ լինելը, չեմ կարծում, որ ճիշտ է: Խոսում եք վերարտադրության մասին, ասում են՝ իշխանություններն ամեն ինչ անում են, որ վերարտադրվեն, և այլն, արդեն իսկ մեզ համար պարզ է դառնում, թե ինչից են ոգևորվել մեր ընդդիմադիր կամ ոչ իշխանական այս քաղաքական թիմերը, կամ ուժերը:

Երկրի նախագահը շատ ազնիվ ձևով ներկայացրեց իր պատկերացումները՝ ասելով՝ չենք փոխում Սահմանադրությունը, որպեսզի երրորդ անգամ ընտրվեմ նախագահ, ինչպես լինում է մի շարք երկրներում, եթե անցնենք խորհրդարանական կառավարման համակարգի, չեմ լինի վարչապետ: Ու այս ամբողջը ներկայացնելուց հետո տեսանք, որ կային մարդիկ կամ քաղաքական ուժեր, որոնք ունեին մանկական երազանք և փորձում են դա իրականացնել: Դա իրենց գործն է, բայց ասում են՝ կլինի ԱԺ նախագահ: Իմ ամբողջ գիտակցական կյանքում չկա որևիցե երկրի մի պրակտիկա, որտեղ սևը սպիտակի վրա գրվի, որ այս երկրի նախագահն այլևս որևէ պաշտոն չի զբաղեցնելու: Այսինքն՝ եկեք գրենք, որ պատգամավոր էլ չի կարող ընտրվել, չգիտեմ, Երևանի քաղաքապետ էլ չի կարող, ընդհանրապես, ոչ մի գործունեությամբ չպետք է զբաղվի ոչ մի նախագահ, երբ այս ժամկետն ավարտվում է: Այստեղ խնդիր կա ընկալումների առումով»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ժողովուրդն է որոշողը՝ ով է լինելու իշխանություն: Քաղաքական ուժի գերնպատակը՝ գալ իշխանության իր ծրագրերն իրականացնելն է. «Կա 2 Ճանապարհ՝ սահմանադրական՝ ընտրությունների միջոցով, և հեղափոխական, որը լավ տեղ չի տանում, և ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս»:
Արդար ընտրություններ կլինե՞ն հարցին Հ.Սահակյանը հարցով պատասխանեց. «Արդարության չափանիշը ո՞րն է»: Ի պատասխան՝ լրագրողն ասաց՝ այն, որ ժողովուրդը հավատա ու վստահի, ինչին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.

«Հավատը՝ մենք, դուք, ոչ իշխանական ուժերն ենք ներմուծում, ներդնում այս ժողովրդի մեջ: Եթե մեր ընդդիմադիր ուժերը ծայրամասային, սահմանամերձ գյուղերում կամ համայնքներում գոնե մեկ ներկայացուցիչ չունեն ընտրական տեղամասերում, նրանք, բնականաբար, միայն խոսելու են ոչ արդար, անազնիվ ընտրությունների մասին: Ազգային ժողովի ամբիոնից խոսում են հասարակական վստահության մասին: Եվ իրենց խմբակցությունն ասում է՝ հասարակական խորը ճգնաժամ կա, և վստահություն չկա, բայց իրենց խմբակցությունը միայն ինքն է»:

Տեսանյութեր

Լրահոս