Աշունը թեժ է լինելու, բայց անձրևից բացի, ոչ մի թեժ բան չկա. Հայկ Մարության. tert.am
Tert.am-ի հետ զրույցում սիրված դերասան, հաղորդավար Հայկ Մարությանն ասաց, որ սպասումներ չունի թե՛ ընդդիմությունից, թե՛ իշխանությունից, իսկ նրանց տեղը ըստ Հայկի՝ ինչ-որ չափով լրացնում են հասարակական շարժումները:
«Բայց իրենք համակարգված չեն, ինչ-որ մի պահ, ինչ-որ մի բան անում են, հետո մարդիկ գնում են իրենց գործին, սա իրենց աշխատանքը չէ, իսկ քաղաքական գործիչը առավոտյան վեր է կենում, լողանում է, թրաշվում է, մարդ կա՝ լողանում է, չի թրաշվում, մարդ կա, թրաշվում է, չի լողանում, համենայն դեպս, էդ մարդը էդ օրը գնում է աշխատանքի՝ զբաղվելու նրանով, ինչով մենք կողքից ենք զբաղվում: Ու եթե մենք, օրինակ, մեր ֆիլմի վրա աշխատում ենք մինչև գիշերվա 4-ը, համոզված եմ, որ եթե թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունն էդքան զբաղվեին, սիրեին իրենց գործը, անկախ ամեն ինչից ավելի լավ երկիր կունենայինք, քան ունենք»,- ասաց Հայկ Մարությանը:
-Հայկ, ասում են՝ աշունը …
-Թեժ է լինելու, երկրորդ, թե՞ երրորդ տարին է, ասում են՝ թեժ է լինելու, բայց անձրևից բացի, ոչ մի թեժ բան չկա:
-Ձեզ ի՞նչ շարժումներում եք տեսնում տրանսպորտի թանկացման դեմ շարժումից բացի, թեժության ո՞ր հարթակներում, ո՞ր մակարդակում: Եվ տեսնո՞ւմ եք արդյոք:
-Անպայման, և յուրաքանչյուր շարժման մեջ, որը կարող է մի փոքր մեր երկիրը տանել դեպի դրական քայլ կամ կարող է դրություն փոխել երկրում:
-Իսկ դրանք ո՞ր շարժումները կարող են լինել:
-Եթե նման շարժում լինի, ինձ կտեսնեք այնտեղ, եթե ինձ ոչ մի տեղ դեռ չեք տեսել, աչքիս դեռ չկա: Ու տենց շարժումներ, որ երկիրը կարող են տանել լավ տեղ, չեմ տեսնում: Դուք կարող եք ասել՝ բա ինքներդ ինչո՞ւ չեք ստեղծում նման շարժում. ես աշխատում եմ այդ ուղղությամբ (ծիծաղում է), եթե մի օր կարողանամ, կստեղծեմ:
-Բայց տպավորություն է, որ հայ իրականության մեջ բոլոր հնարավոր շարժումները ստեղծվել են՝ «կարմիր գծերի» դեմ պայքար, պայքար Աֆրիկյանների տան քանդման դեմ, մի խոսքով…
-Ասեմ, իրականում այս պրոբլեմի մասին հենց այսօր մեր տանը խոսվում էր, տանը հաճախ ենք խոսում՝ երկրից, իրավիճակից, մի հետաքրքիր բան կինս նկատեց, ես էլ համաձայնեցի ու իր միտքը շարունակեցի, որ երբ բարձր աշխատավարձ ստացողների՝ «Դ!ԵՄ ԵՄ»-ի շարժումը կար, առևտրականներն իրենց գործերով էին, հիմա, երբ իրենք խնդիր ունեն, էս էրեխեքն են իրենց գործերով: Ի վերջո, ոչ մի բան չի ստացվում, որովհետև եթե մենք մի քանի միլիոնանոց երկիր լինեինք, եթե առևտրի բոլոր աշխատողները դուրս գային, կարող է մեկ միլիոն մարդ հայտնվեր փողոցում: Իսկ մենք, որ փոքր երկիր ենք, երբ մեր առևտրի ոլորտի աշխատողները դուրս են գալիս, մի 1500-2000 հոգի են հավաքվում:
-Սա Հայաստանի ողբերգությո՞ւնն է
-Կա չէ՞ «Մեր փրկությունը մեր միասնության մեջ է» ֆրազը, ու այն իզուր չի ասված: Իրոք, մեր փրկությունը մեր միասնության մեջ է:
-Բայց մենք քիչ ենք:
-Մենք քիչ ենք, որովհետև եթե լինեինք 20-30 միլիոնանոց երկիր, մի ոլորտի մարդկանց կտրուկ շարժումները կարող էին լուրջ հետևանքներ թողնել:
– Եռյակի հանրահավաքին գնալո՞ւ եք, Հայկ:
-Եթե կարողանամ, հիմա ակտիվ զբաղված եմ մեր ֆիլմով, կմասնակցեմ ֆիզիկապես, եթե ոչ՝ վիրտուալ կերպով: Այսինքն՝ կդիտեմ, կտեղեկանամ՝ ինչ է կատարվել:
-Գրառումներ կկատարեք: Ի դեպ, գրառում էիք կատարել՝ սուպեր մարզպետ: Իրոք Սյունիքի նախկին մարզպետի նշանակումը Ձեզ վրա նման տպավորությո՞ւն էր թողել:
-Ես ուղղակի զարմանում եմ մեր այսօրվա մեծամասնություն կազմող կուսակցության վրա, որ իրո՞ք իրենք կադր չունեն, դա է ինձ հետաքրքիր: Ու ես հասկանում եմ, որ իրենք իրոք կադր չունեն, դա է իմ միակ բացատրությունը:
-Դե հիմա Սուրիկ Խաչատրյանի մասին ասացին՝ հակասական կերպար է:
– Անհնար է՝ հակասական լինի, վստահ եմ, որ եթե ուրիշ կադր ունենային, էդ մարդուն չէին դնի, ուղղակի իրենք կադր չունեն, էդ մարդը չկա, որը կարող է գնալ՝ Սյունիքում իրենց հարցերը լուծել:
-Ի՞նչ հարցեր:
-Տարբեր, առօրյա հարցեր:
-Ժողովրդի՞ համար, իրե՞նց համար:
-Ե՛վ այդ, և՛ այն: Ե՛վ օգտակար ընդհանրապես, և՛ իրենց նեղ կուսակցական հարցեր: Էդ մարդը չկա, որ համ էն հարցը «պրավալ» չտա, համ էն մյուսը: Էս ա… ու ֆռում, ֆռում, իրենք էլ գիտեն, որ դրա պատճառով աղմուկ է լինելու, մարդիկ բողոքելու են, խոսելու են, անընդհատ քմծիծաղներ, բայց իրենք ասում են՝ «ոչինչ, թող էդ ամենը լինի, բայց էս ա»: Ուրիշ բացատրություն չունեմ, այլապես մարդ ոնց որ ուզենա իրեն վատություն անի:
-Որպես քաղաքացի ի՞նչ եք ակնկալում իշխանություններից, ինչ՝ ընդդիմությունից:
-Ինձ մոտ ակնկալիքները երկու կողմից էլ շատ քիչ են: Ցավոք, որքան չեմ ակնկալում իշխանություններից, որ ուզում են երկրի վիճակը մի քիչ լավացնել, նույնքան՝ ընդդիմությունից: Բացի վիրտուալից: Այ, եթե իրենք, ի դեպ, շատ հանրապետականներ եմ ճանաչում՝ ազնիվ, բարի, հայրենասեր, լավ մարդիկ են, էդ չի հարցը, որովհետև վիրտուալ բոլորն էլ կուզենային լավ բան անել, այստեղ հարցն է՝ ինչքանով են պատրաստ իրենց առողջությունից, իրեն ժամանակից, իրենց փողերից տրամադրել էդ ամեն ինչին: Դրա համար, այդ ակնկալիքները չունեմ, որ մի երկու ժամ ավել ինչ-որ բանով զբաղվեն, մի քիչ խորանան պրոբլեմի մեջ:
-Իսկ ընդդիմությունն ուզում է՝ չի կարողանո՞ւմ:
-Ընդդիմությունը նույն բանն է: Այսինքն՝ընդդիմությունը կորցրել է այն, ինչի համար ինքը ստեղծված է. եթե բացես քաղաքագիտական դասագիրք, այնտեղ ասվում է՝ ինչ ասել է «ընդդիմություն», ինչ՝ ձախեր, աջեր, կենտրոնամետ և այլն: Մեզ մոտ աջ, ձախ, ոչինչ չկա, կա Կառավարություն և ընդդիմություն, որն էլ ստեղծել է մի մարդ, որը աղքատ է ու բողոքում է:
-Բայց ինչ անի, չբողոքի՞:
-Առաջին հերթին ընդդիմությունը չպետք է լինի աղքատ, որ բողոքի ու ինքը, եթե ընդդիմություն է, պետք է հարուստ ժամանակ էլ բողոքի: Բայց, ամենակարևորը, ինքը դարձել է ոչ էֆեկտիվ:
-Իսկ ո՞ր ուժը պետք է ստանձնի այդ տեղը լցնելու դերը:
-Կարծում եմ՝ այդ ուժի՝ ընդդիմության դերը ստանձնել են հասարակական շարժումները, որոնք ավելի անկախ են, ավելի շահեր չունեն: Բայց իրենք համակարգված չեն, ինչ-որ մի պահ ինչ-որ մի բան անում են, հետո մարդիկ գնում են իրենց գործին, սա իրենց աշխատանքը չէ։ Իսկ քաղաքական գործիչը առավոտյան վեր է կենում, լողանում է, թրաշվում է, մարդ կա՝ լողանում է, չի թրաշվում, մարդ կա, թրաշվում է, չի լողանում, համենայն դեպս, էդ մարդը էդ օրը գնում է աշխատանքի՝ զբաղվելու նրանով, ինչով մենք կողքից ենք զբաղվում: Ու եթե մենք, օրինակ, մեր ֆիլմի վրա աշխատում ենք մինչև գիշերվա 4-ը, համոզված եմ, որ եթե թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունն էդքան զբաղվեին, սիրեին իրենց գործը, անկախ ամեն ինչից` ավելի լավ երկիր կունենայինք, քան ունենք: Անկախ ամեն ինչից, կոռուպցիայից: Մի օրինակ բերեմ՝ դիցուք ունենք 100 միավոր, դրանից 50-ը գողացվել է, մնացած 50-ն էլ, որ ճիշտ ծախսվի, ավելի լավ երկիր կունենանք: Պետք է սկսենք նրանից, որ հաջորդ տարի մնա 60, ոչ 50…
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: