ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է Աբխազիայի նախագահին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝ ԼՂՀ Ազգային ժողովի
նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի
երդմնակալության արարողությանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի հետ կապված շնորհավորական ուղերձը:
Երդմնակալության պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Աբխազիայի
Հանրապետության նախագահի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հարցերը: Կողմերն ընդգծել են փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխարտգործնախարար Ֆելիքս Խաչատրյանը,
Աբխազիայի խորհրդարանի փոխնախագահ Վաղարշակ Քոսյանը և պատգամավոր Լևոն Գալստյանը: