Բաժիններ՝

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է տնային կալանքից ազատել Եվտուշենկովին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր հրաժարվել է տնային կալանքից ազատ արձակել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից Վլադիմիր Եվտուշենկովին՝ չնայած նրան, որ գործարարը պատրաստ էր գրավի համար տրամադրել 300 միլիոն ռուբլի:

Դատավորին չեն համոզել ո՛չ պաշտպանող կողմի փաստարկները, ո՛չ էլ այն, որ այսօր լրանում է գործարարի 66-ամյակը: «Սիստեմա» ընկերության ղեկավարը կշարունակի տնային կալանք կրել Ժուկովկա ավանի իր տանը: Նախորդ շաբաթ Եվտուշենկովին մեղադրել են «փողեր լվանալու» մեջ՝ կապված «Բաշնեֆտ» ընկերության կառույցները գնելու գործի հետ:

Հետաքննությունը կարծում է, որ բաժնետոմսերը 2009 թվականին գնվել են նվազեցված գնով՝ «500 միլիոն դոլարի զեղչով»: Եվտուշենկովն իրեն մեղավոր չի համարում: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է համարում Եվտուշենկովի գործին քաղաքական որևէ ենթատեքստ հաղորդելը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հայտարարել էր, որ Եվտուշենկովին կալանավորել են իր ընկերությունը վաճառելուց հրաժարվելու համար: Խոդորկովսկին կարծում է, որ «Ռոսնեֆտը» ցանկանում է գնել «Բաշնեֆտը», սակայն Եվտուշենկովը չի համաձայնվել ընկերությունը վաճառելու համար իրեն առաջարկված պայմաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս