Այսօր Թուրքիայի խորհրդարան կներկայացվեն Իրաքում ու Սիրիայում անդրսահմանային գործողություններն արտոնող օրինագծերը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ դիտարկման համար այսօր խորհրդարանին կներկայացվի երկու առանձին օրինագիծ, որոնք առնչվում են Իրաքի ու Սիրիայի տարածքներում անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությանը:
Դավութօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայի խորհրդարանը տվյալ օրինագծերը կդիտարկի հոկտեմբերի 2-ին: Դավութօղլուն հիշեցրել է, որ Իրաքին առնչվող օրինագիծն առաջ է քաշվել 2007 թվականին, ինչից հետո այն ամեն տարի երկարաձգվում է մեկ տարով՝ կապված նրա հետ, որ չի վերանում Իրաքի տարածքից Թուրքիային սպառնացող վտանգը:
Դավութօղլուն ընդգծել է, որ Սիրիային առնչվող օրինագիծն առաջին անգամ ներկայացվել է 2012 թվականին: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանը կհաստատի երկրի ազգային անվտանգության վերաբերյալ այս օրինագծերը, որոնցից մեկի ժամկետը լրանում է հոկտեմբերի 8-ին, իսկ մյուսինը՝ հոկտեմբերի 17-ին: