Մինչև 2015 թվականի հունվարն Էբոլա վիրուսով հիվանդների թիվը կարող է հասնել 1.4 միլիոնի. CDC
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Էբոլա մահացու տենդով վարակվածների թիվը վատթարագույն սցենարի դեպքում մինչև 2015 թվականի հունվարը կարող է հասնել 550.000-1.400.000 մարդու: Այս մասին նշված է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի (CDC) զեկույցում:
CDC-ի մասնագետները կարծում են, որ զեկույցում տեղ գտած այդ թվերը կարող են այժմեական դառնալ մինչև 2015 թվականի հունվարի 20-ը, ընդ որում՝ դրանք չեն առնչվի միայն Լիբերիային ու Սիեռա Լեոնեին:
Բժիշկներն իրենց այս կանխատեսումների հարցում հենվում են նրա վրա, որ Էբոլա վիրուսով վարակվածների թիվը իրականում 2.5 անգամ մեծ է այն թվերից, որոնք հրապարակում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նրանք կարծում են, որ հիվանդների քանակը կրկնապատկվում է յուրաքանչյուր մոտ 20 օրվա ընթացքում:
CDC-ի մասնագետների կարծիքով՝ հիվանդության տարածումը կարելի է կանգնեցնել միայն արտակարգ միջոցների շնորհիվ, որոնք առնչվում են հիվանդության դեմ պայքարի մեթոդների փոփոխմանը, խնդրի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխմանն ու բավականաչափ ռեսուրսներ (բժիշկներ ու բժշկական սարքավորումներ) տրամադրելուն: