Ճապոնիան մտադիր է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սեպտեմբերի 19-ին հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին գործակալությանը հայտնել են Ճապոնիայի դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրները:
Պատժամիջոցների նոր փաթեթն իրենում ներառելու է 19 կետ: Մասնավորապես, ընդլայնվելու է այն անձանց «սև ցուցակը», որոնց մուտքը Ճապոնիա արգելված է, իսկ նրանց ակտիվները ենթակա են սառեցման:
Սահմանափակումները կարող են առնչվել նաև էներգետիկ ու ֆինանսական սեկտորին: Բացի այդ, դիտարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճապոնական այցի հետաձգման հնարավորությունը: Այդ այցը նշանակված է 2014 թվականի աշնանը:
Ավելի վաղ՝ մարտի 18-ին, Ճապոնիան պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ: Օգոստոսի սկզբին Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Ռուսաստանը վիզային պատժամիջոցներ է կիրառել Ճապոնիայի մի շարք քաղաքացիների դեմ: