Արմեն Բադալյան. ՀՀ նախագահը չի կարող Պուտինին ասել «ոչ»

Երեկ` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է` նախատեսված է, որ հոկտեմբերի 10-ին կորոշվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը, և ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի, քանի որ բանակցային գործընթացն ավարտված է:

Կարեն Ճշմարիտյանը առաջին պաշտոնյան չէ, ով խոսում է հոկտեմբերի 10-ի ժամկետի մասին. դեռևս օգոստոսին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ որոշում է կայացվել Մինսկում անցկացնել բանակցություններ, որոնց շրջանակներում նախատեսվում է որոշել ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցության հարցը: Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:

– Որքանո՞վ եք իրատեսական համարում այս կանխատեսումը, եթե հաշվի առնենք, որ նախկինում արդեն մի քանի անգամ հետաձգվել է Հայաստանի կողմից Մաքսային միությանը և ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի ստորագրումը:

– ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը որոշվում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանությունների կողմից, եթե խնդիրներ չառաջանան: Երբ այդ հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Ղազախաստանի միջև լինեն վերջնական հստակեցնումներ, այն ժամանակ Ռուսաստանի նախագահը որոշում կկայացնի Հայաստանի անդամակցության մասին, որի վերաբերյալ կտեղեկացնեն Հայաստանի իշխանությունները, բայց որոշողը Ռուսաստանն է:

Կարդացեք նաև

– Իսկ ի՞նչ է ցույց տալիս Ձեր վերլուծությունը, ո՞ր խնդիրն է հանդիսանում գլխավոր խոչընդոտն անդամակցության համար: Օրինակ, Սերժ Սարգսյանը մի քանի ամիս առաջ խոսում էր 2-3 տեխնիկական խնդիրների մասին:

– Ոչ, այստեղ տեխնիկական խնդրի հարց չկա, թեև, իհարկե, ցանկացած միությանը միանալու համար անհրաժեշտ է անցնել որոշակի արձանագրային գործընթաց. այնտեղ կան հարկային, մաքսային դրույքաչափերի հստակեցումներ: Սրանք տեխնիկական խնդիրներն են, բայց կա նաև քաղաքական խնդիր: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ քաղաքական խնդիրը ԵՏՄ-ում ձայների հարաբերակցության պահպանման հարցն է: Այժմ այդ միություն կա երեք երկիր, որոնցից երկուսը` Բելառուսը և Ղազախստանը, միշտ չէ, որ համաձայնում են Ռուսաստանի առաջարկություններին:

Մանրամասն չասեմ, դրա մասին բազմիցս գրվել է, թե ինչպես Ղազախստանին հաջողվեց այդ միության պայմանագրից դուրս բերել քաղաքական բաղադրիչը, թողնել տնտեսականը: Բայց ձայների հարաբերակցությունը 2:1 էր` Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան, և քվեարկության ժամանակ երկու երկրներին հաջողվում էր իրենց ցանկություններն իրականացնել` այդ միության ապագայի հետ կապված:

Եթե Հայաստանն անդամակցի այդ միությանը, հարաբերակցությունը, փաստորեն, կստացվի 2:2: Հասկանալի է, որ Հայաստանը չունի այն տնտեսական պոտենցիալը, ինչ Ղազախաստանը, Ռուսաստանը կամ Բելառուսը, բայց այստեղ զուտ ձայների քանակով հավասարվում է: Այդ իսկ պատճառով, որպեսզի այդ հավասարությունը տեղի չունենա, Ղազախստանն առաջ է քաշում Ղրղըզստանի հարցը, ում վրա մեծ ազդեցություն ունի: Այսօր այդ հարցն ակտիվորեն քննարկվում է Ղրղըզստանում, թեև կա մեծ դիմադրություն ԵՏՄ-ին միանալուն, բայցևայնպես, Ղազախստանի ազդեցությունն այդ երկրում ուժեղ է, և ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով այն լրատվությունը, որ Ղրղըզստանը նույնպես գտնվում է ԵՏՄ մուտք գործելու ավարտական փուլում, շատ հնարավոր է, որ Հայաստանն ու Ղրղըզստանը միաժամանակ անդամակցեն, և ձայների հարաբերակցությունը պահպանվի` 3:2: Քաղաքական խնդիրը հիմնականում դա է:

– Հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 10-ին էլ չստորագրվի Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

– Հնարավոր է:

– Այդ դեպքո՞ւմ ինչի հետ կապված կլինի անորոշությունը:

– Կրկին կապված է Ռուսաստան-Ղազախստան-Բելառուս հարցերի հետ, թե արդյո՞ք Ղրղըզստանը կհասցնի մինչև հոկտեմբերի 10-ը ավարտի հասցնել ԵՏՄ մտնելու գործընթացը, թե՞ ոչ: Եթե հիշում եք, ժամանակին` 1990-ական կամ 2000-ական թթ., Հայաստանը միշտ ձգտում էր ավելի շուտ մտնել եվրոպական կառույցներ, բայց Եվրոպան ընդհանուր քաղաքականություն էր որդագրել և Հայաստանին ու Ադրբեջանին նույն օրն էր ընդունում այս կամ այն կառույցը, որպեսզի ոչ ոք առաջ չընկնի: Հիմա, կարծես թե, այդ ձևաչափը տեղափոխվել է Հայաստան-Ղրղըզսստան մակարդակի վրա: Փաստորոն, պատճառ կարող է հանդիսանալ հենց Ղրղըզստանի հարցը: Ամեն դեպքում դա կախված է Մոսկվա-Աստանա-Բիշկեկ փոխհարաբերություններից:

– Իսկ աշխարհաքաղաքական գործոնը որքանո՞վ է ազդում գործընթացի վրա:

– Դա հենց աշխարհաքաղաքական գործոնն է. երբ հարցի լուծումը գտնվում է ոչ թե Երևանում, այլ Մոսկվա-Աստանա-Բիշկեկ փոխհարաբերություններից, դա նշանակում է, որ աշխարհաքաղաքական գործոնը ոչ թե ազդում է, այլ հիմնականն է:

– Նկատի ունեմ ուկրաինական ճգնաժամը, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները:

– Չէ, ուկրաինական ճգնաժամը լրիվ ուրիշ խնդիր է, Ռուսաստան-Արևմուտք հակասությունները` լրիվ ուրիշ: Հասկանալի է, որ դրանք ժամանակավոր խնդիրներ են, բայց մեկը մյուսի հետ կապ չունի: Ինչ-որ ազդեցություն, իհարկե, կարող են ունենալ. բնական է` եթե Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ, Ռուսաստանն էլ հակառակ պատժամիջոցներն է իրականացնում, երկուսի տնտեսություններն էլ ինչ-որ չափով դրանից տուժում են: Եթե Հայաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանից, և Արևմուտքն էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է իրականացնում, Հայաստանի տնտեսությունը տուժում է, որովհետև այնտեղ ապրող ներգաղթյալներն ավելի քիչ գումար են ուղարկում և այլն, և այլն: Աղերսներ, բնականաբար, կան, բայց չեմ կարծում, որ այդ կապը ստրատեգիական նշանակություն ունի:

– Խնդիրն էլ հենց դա է, որ Եվրասիական միության ընդդիմախոսներն ասում են` «ի՞նչ իմաստ ունի գնալ ԵՏՄ և Ռուսաստանի հետ միասին մեր գլուխը դնել պատժամիջոցների տակ»: Համաձայն չե՞ք:

– Ոչ, որովհետև նրանք հարցադրումը սխալ են անում: Հասկանո՞ւմ եք, ոչ թե մենք ենք գնում, Հայաստանն է գնում, այլ գնում է ՀՀ նախագահը, իսկ ՀՀ նախագահը չի կարող Պուտինին ասել «ոչ»: Խնդիրը հենց դա է: Դա մեր որոշումը չէ´, մե´նք չենք հանրաքվեով կամ ազատ, արդար ձևով ընտրված իշխանությունների միջոցով կայացրել այդ որոշումը: Որոշումը նախորդ տարի` սեպտեմբերի 3-ին, կայացրել է Վլադիմիր Պուտինը, ինչի մասին բարձրաձայնել է Հայաստանի գործող նախագահը, իսկ գործող նախագահը չի կարող Պուտինին ասել «ոչ», եթե անգամ դա հարվածում է Հայաստանի տնտեսությանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս