Այս տարի Սիրիայում պարբերաբար կիրառվել են քիմիական թունավոր նյութեր. OPCW
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (OPCW) հայտարարել է, որ 2014 թվականի սկզբից Սիրիայում պարբերաբար կիրառվել են թունավոր նյութեր: Սիրիայում գործող կազմակերպության առաքելությունը հայտնաբերել է դրա համոզիչ ապացույցներ:
Մասնավորապես, քիմիական թունավոր նյութեր քանիցս կիրառվել են Կաֆր-Զեյտա, ալ-Թամանա ու Թալ-Մինիս գյուղերի շրջանում: Ականատեսների ու ախտանիշների վկայությամբ, կիրառված նյութերը պարունակել են քլոր: Սակայն առաքելության փորձագետներին չի հաջողվել վերցնել համապատասխան նմուշներ, քանի որ նրանց շարասյունը գնդակոծվել է ճանապարհին:
Սիրիան միջազգային ճնշման տակ 2013 թվականին պարտավորվեց ոչնչացնել իր քիմիական զենքի ողջ զինանոցը՝ սեպտեմբերին ստորագրելով Քիմիական զենքն արգելող կոնվենցիան: Սիրիայի քիմիական զինանոցի վերջին մասը երկրից դուրս է բերվել այս տարվա հունիսի 23-ին: