Բաժիններ՝

«Դ!եմ եմ»-ի անդամը` Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Իշխանությունները ստիպված կլինեն անդրադառնալ կեսնաթոշակային բարեփոխումներին»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողության ժամանակ՝ պատասխանելով երիտասարդ լրագրողների ջոկատի անդամների հարցերին, անդրադարձել է նաև կեսաթոշակային բարեփոխումներին  և «Դ!եմ եմ» շարժմանը՝ նշելով, որ չի կարծում, որ իրենք նորից կանդրադառնան այդ հարցին.

«Կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում՝ շատ բարդ հարցի, ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի: Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել և այդ որոշումն ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք, ընդ որում՝ դա արել է նոր կառավարությունը: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս, որ իմ տեսակետին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր»,- նշել է նախագահը:

168.am-ի հետ զրույցում «Դ!եմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իշխանություններն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն անդրադառնալ այդ հարցին, որովհետև խորհրդարանական ուժերերը պատրաստվում են նորից դիմել Սահմանադրական դատարան. «Սահմանադրական դատարանը իր նախորդ վճռում նշել էր, որ սեպտեմբերի վերջին անդրադառնալու է, թե ինչքանով է կատարվել իր վճիռը և ինչքանով չի կատարվել: Իսկ թե ինչքանո՞վ չի կատարվել՝ դա արդեն իսկ ակնհայտ է: Կարծում եմ, որ նրանք հերթական անգամ կհայտարարեն, որ դա ընդամենը քաղաքական հայտարարություն էր, ոչ թե խոստում, ինչպես դա սիրում են անել, բայց ամեն դեպքում անդրադառնալու են հաստատ, որովհետև և՛ ՍԴ-ն, և՛ քառյակը, և՛ մենք սեպտեմբերին անդրադառնալու ենք այս հարցին»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր նաև, թե իրենք հարգում են քաղաքացիական հասարակության կարծիքը և այն իրենց որոշումների վրա ազդեցություն է ունենում: Այս առնչությամբ Գ.Գորգիսյանն ասաց, թե իրենք չեն տեսել այդ ազդեցությունը. «Որովհետև մեկ օրում՝ առանց գոնե մի քանի օր հասարակությանը ներկայացնելու այն հսկայական փաթեթը, որն ուզում են ընդունել՝ ընդունեցին, դա առհասարակ նշանակում է առհամարել հասարակական կարծիքը»:

Սերժ Սարգսյանը նաև ասել էր, որ որոշում ընդունողներն իրենք են, պատասխանատուն իրենք են, ապա չեն կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեծ բազմազանություն կա. «Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է, դժգոհներ լինելու են»,- նշել էր նախագահը:

Մեզ հետ զրույցում Գ. Գորգիսյանն ասաց, որ «Դ!եմ եմ» շարժումը հստակ, կոնկրետ կետեր ու առաջարկներ էր հրապարակել, թե ինչպիսին կարող է լինել լավ կենսաթոշակային բարեփոխումների օրենքը, բայց դա անտեսվեց. «Այսինքն՝ այնպես չէր, որ ինչ-որ մի խումբ մարդիկ տարբեր տեղերից տարբեր կարծիքներ են հայտնում: Կար համախմբված, միասնական մոտեցում, առաջարկ և պահանջների ինչ-որ փաստաթուղթ, որոնք բոլորն անտեսվեցին»:

Մեր հարցին, թե կոնկրետ «Դ!եմ եմ» շարժումը ի՞նչ քայլեր է անելու, Գ. Գորգիսյանն այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, հիմա մի քիչ կդժվարանամ հստակ քայլերի մասին խոսել, որովհետև հիմա մեր մոտ ավելի շատ մտորումների ու խմորումների փուլն է, բայց շուտով մենք հայտարարություններով հանդես կգանք՝ կոնկրետ անելիքների և քայլերի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս