Ճապոնիայի կառավարությունը հիասթափված է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կապակցությամբ
Ռուսական ИТАР-ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը հիասթափություն է հայտնել Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կապակցությամբ: Այս մասին Տոկիոյում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան:
Սրանից առաջ Ռուսաստանը վիզային նոր սահմանափակումներ էր մտցրել Ճապոնիայի մի շարք քաղաքացիների հանդեպ, ինչը և հանդիսացել է Ճապոնիայի վիզային պատժամիջոցների պատասխանը: Սուգան մեծ ափսոսանք է հայտնել ռուսական կողմի տվյալ քայլի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա բացասական ազդեցություն կունենա ռուս-ճապոնական հարաբերությունների վրա:
Օգոստոսի 15-ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Տիկախիտո Խարադեին հանձնվել էր Ճապոնիայի այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելվել է: Այդ անձանց անունները չեն հրապարակվել: