«Ես չեմ ասում՝ իմ ընկերոջը տանեն աղբանոցը, ասում եմ՝ տանեն պանթեոն». Պարույր Հայրիկյանը՝ Մովսես Գորգիսյանի կնոջ արձագանքի մասին

«Նա իմ առաջարկին բացասական չի արատահայտվել, նույնիսկ, իմ կարծիքով՝ դա խեղաթյուրված հոդված է: Ինքն ընդամենը ասել է, որ առաջինն ինքն է դրա մասին մտածել: Լավ է արել, ո՞վ է դեմ: Ես կասկածում եմ, դրանք երևի լրագրողակա բաներ են, Ռուզանն այդ մակարդակի չէ, նա այդքան ցածր մակարդակ չուներ, որ ինքն իրեն հակասող բաներ ասեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով Մովսես Գորգիսյանի կնոջ՝ Ռուզան Գորգիսյանի՝ Ծիծեռնակաբերդից ազատամարտիկների աճյունները տեղափոխելու Պարույր Հայրիկյանի առաջարկի արձագանքի մասին:

Նշենք, որ Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզան Գորգիսյանը aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ երբ բարի կամքի դրսևորում են ուզում ցուցաբերել, առաջարկն անում են այլ կերպ. «Քանի որ ընտանիքի անդամներն են ամենացավոտը դա տանում, որպես երբեմնի բարեկամ՝ նա պարտավոր էր իր հավակնությունները, անձնական վիրավորանքները, որի պատճառն էլ չուներ, մի կողմ թողնել և գուցե իմ աղջկա աչքերին նայեր, հետո՞ նման առաջարկ աներ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԻՄ առաջնորդն հայտարարել էր, որ պատրաստվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խոսել ցեղասպանության 100-ամյակի հետ կապված շիրիմները Ծիծեռնակաբերդի համալիրից տեղափոխելու հարցի մասին. «Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված մեծ թվով մարդիկ, նաև պետությունների առաջնորդներ են այցելելու Հայաստան: Պատկերացրեք, ցեղասպանության հուշարձանն այցելելիս՝ տեսնելու են այդ շիրմները և հարցնելու են՝ ովքե՞ր են այստեղ հողին հանձնված: Պատասխանը պետք է լինի՝ հայ-ադրբեջանական հակամարտության զոհեր: Հա, ուրեմն 1915 թվականին է՞լ է այդպիսի հակամարտություն եղել: Ուրեմն՝ ճիշտ էին թուրքերը, որ ասում էին՝ հայերն էլ թուրք են սպանել, կռիվ է եղել, իրար սպանել են: Հայերը դա կոչում են ցեղասպանություն, թուրքերն էլ ասում են՝ նման բան չի եղել: Այսինքն՝ սա շատ լուրջ սխալ է»,- նշել էր Պ. Հայրիկյանը:

Որոշ ժամանակ առաջ էլ Պ.Հայրիկյանը խոսել էր՝ մասնավորապես Մովսես Գորգիսյանի աճյունը Ծիծեռնակաբերդից տեղափոխելու մասին. «ԱԻՄ-ականները գտնում են, որ Ցեղասպանության հուշարձանի տարածքում պետք է ամփոփվեն Ցեղասպանության հետ առնչություն ունեցող երեւելիների աճյունները, իսկ Մովսես Գորգիսյանը մեր ազգային ազատագրական շարժման երեւելիներից է, ուստի պետք է ամփոփվի Եռաբլուրում, այդպիսով, նաև հարստացնելով պանթեոնը»,- գրել էր aravot.am-ը:

Անդրադառնալով Մովսես Գեորգիսյանի կնոջ՝ Ռուզաննա Գեորգիսյանի նկատառումների մասին, մեզ հետ զրույցում Պ. Հայրիկյանն ասաց. «Աստված իր հետ, խոսքը իր ընտանիքի մասին չէ, խոսքը ցեղասպանության հուշարձանի մասին է: Որքան էլ Մովսեսն իմ ընկերն է, խոսքը տվյալ դեպքում հայոց մեծագույն ողբերգության մասին է: Ես չեմ ասում՝ իմ ընկերոջը տանեն աղբանոցը, ասում եմ՝ տանեն պանթեոն: Եթե իմ իմացած Ռուզանն է, որի հետ ես շփվել եմ, նա չէր կարող նման հիմարություններ դուրս տալ: Լրագրողները նրան սխալ են հասկացել: Ամենակարևորն այն է, որ նա չի հակադրվում գաղափարին»:

Խոսելով իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին և այս թեմայով նրանց զրույցին՝ ԱԻՄ առաջնորդն ասաց. «Ինչպես ցանկացած բանական մարդ, չէր կարող բացասական վերաբերմունք ունենալ, առավել ևս՝ վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդը: Նա հասկացավ, որ ես շատ կարևոր բանի մասին եմ խոսում, որոհետև ոչ այնքան այնտեղ հուղարկավորվածներին է վերաբերվում, որքան ցեղասպանության հուշարձանի իմաստավորմանը: Նա ասաց, որ ինքը քննարկում կկազմակերպի դրա հետ կապված: Պայմանավորվեցինք, որ եթե անհրաժեշտ լինի՝ ես ներկա լինեմ»:

Ըստ՝ ԱԻՄ առաջնորդի Ծիծեռնակաբերդից պետք է տեղափոխվեն բոլոր նրանց աճյունները, որոնք կապ չունեն ցեղասպանության հետ:

Տեսանյութեր

Լրահոս