Պուտինը Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Պուտինը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում հումանիտար աղետի խորանալու կապակցությամբ, ինչպես նաև Մերկելին իրազեկել է Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար հումանիտար օգնություն հասցնելու ընթացքի մասին: Կողմերը կարևորել են ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորումը:
Մերկելն իր հերթին Պուտինին կոչ է արել ներդրում ունենալ Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման մեջ և մասնավորապես վերջ դնել զենքի ու ռազմական անձնակազմի մատակարարումներին: Մերկելը հույս է հայտնել, որ հումանիտար ավտոշարասյունը (280 բեռնատար) կարճ ժամանակում կհասնի իր նշանակման վայր: