Բաժիններ՝

Անկախ Շոտլանդիայից միջուկային զենքի դուրս բերումը Լոնդոնի համար կարժենա 5 միլիարդ դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Շոտլանդիան այս աշնանը կայանալիք հանրաքվեի արդյունքներով ձեռք բերի անկախություն, ապա այդ երկրից միջուկային սպառազինության դուրս բերումը բրիտանական կառավարության վրա կարժենա 2.5-3.5 միլիարդ ֆունտ սթեռլինգ (4.2-5.9 միլիարդ դոլար):

Նման գնահատական է տվել Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտը: Մեծ Բրիտանիայի միջուկային ողջ զինանոցը գտնվում է սուզանավերում, և բազավորման միակ վայրը հանդիսանում է Կլայդ բազան (Շոտլանդիա):

Այն գտնվում է երկրի արևմտյան ծովափին՝ Գլազգոյից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա: Հենց այնտեղ են բազավորված Մեծ Բրիտանիայի բոլոր չորս ատոմային սուզանավերը՝ զինված միջուկային մարտագլխիկներ ունեցող Trident բալիստիկ հրթիռներով: 

Սակայն անկախանալու դեպքում Շոտլանդիան կհայտարարվի ոչ միջուկային գոտի, և Լոնդոնը պարտավոր կլինի իր ողջ միջուկային սպառազինությունը հեռացնել նրա տարածքից: Ավելի վաղ դա համարվում էր փաստացիորեն անիրականանալի առաջադրանք, որը բրիտանական կառավարության վրա կարժենա տասնյակ միլիարդավոր դոլարներ:

Սակայն այժմ  Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ներկայացուցիչները հերքել են այդ տեսակետը: Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվելու է սեպտեմբերի 18-ին:

Եթե նրա բնակչությունը քվեարկի ինքնիշխանության օգտին, ապա Շոտլանդիայի անկախության մասին կհայտարարվի 2016 թվականի մարտի 24-ին: Մինչ այդ Լոնդոնն ու Էդինբուրգը պետք է պայմանավորվածության գան բաժանման պայմանների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս