«Առաջացած իրավիճակի մեջ միայն Ալիևի մեղքը չէր». Ստեփան Մարգարյան

«Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն իր ազդեցությունն անշուշտ կունենա դեպքերի հետագա զարգացման վրա»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:

Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, երբ հակամարտող կողմերը հանդիպում են, իսկ այն իրավիճակը, որ կար, չէր եղել սկսած 1994թ.-ից. «Շատ կարևոր էր հատկապես մեզ համար, որ հանդիպման ընթացքում Ալիևն անձամբ Ռուսաստանի նախագահին ասաց, որ կարևորում է խաղաղ կարգավորումը: Ես չեմ կարող ասել, թե դեպքերն ինչպես կզարգանան սրանից հետո, բայց հուսով եմ, որ այս սուր իրավիճակը չի մնա ինչպես որ կար վերջին շրջանում. գրեթե նախապատերազմական իրավիճակ էր առաջացել: Այսինքն, ես ընդհանուր առմամբ հանդիպման փաստը դրական եմ գնահատում՝ չնայած կային մի քանի անհասկանալի կետեր: Օրինակ՝ մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցը, երբ հայտարարվեց, թե ինչպես ասել է Հայաստանի նախագահը, առանց Ղարաբաղի են մտնելու: Ինչու՞ արվեց այս հղումը, արդյո՞ք այդ հղման համար էր նախկինում արվել այդ հայտարարությունը և այլն: Այսինքն՝ մի շարք անհասկանալի կետեր կային, որ պետք է դեռ մարսել»:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ կարևոր է նախևառաջ հասկանալ, թե ինչու ստեղծվեց այս իրավիճակը. «Ես կարծում եմ, որ այս մասին դեռևս երկար պետք է մտածել և իրականությունը, ճշմարտությունը փորձենք ինքներս մեզ համոզել, այլապես նորից կընկնենք նույն իրավիճակի մեջ: Իսկ որ առաջացածի մեջ միայն Ալիևի մեղքը չէր, ես դրանում համոզված եմ: Խոսքն այն մասին չէ, որ մենք էինք հարձակվում և նրանք էին պաշտպանվում, այլ այն մասին է, թե երբ է որոշում որևէ մեկը դիմել այսպիսի գործողությունների, արդյոք դո՞ւ տեղիք չես տալիս, որ նա դիմի այդպիսի գործողությունների: Ես դրա պատճառներից մեկը համարում եմ վերջին շրջանում արտաքին քաղաքականության ասպարեզում Հայաստանի վարած սխալ քաղաքականությունը: Մենք ունեցանք հեղինակության անկում, ինչն Ալիևի մոտ առաջացրեց իմիտացիա, որ Հայաստանն էապես թուլացել է, և ժամանակն է մի քանի հարձակումներ իրականացնել սահմանների վրա, ու Հայաստանում խուճապ կառաջանա: Բնականաբար, փառք ու պատիվ մեր այն տղաներին, ովքեր կանգնած էին սահմանին և ոչ միայն լուրջ դիմադրություն ցույց տվին, այլև վստահորեն հաղթող դուրս եկան:
Հաջորդ խնդին այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավկովկասյան տարածաշրջանը համառորեն չի ձևավորվում: Անշուշտ, դրա պատճառը ներքին հակամարտություններն են: Այս տարածաշրջանը նախկինում մի շարք աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հետաքրքրությունների տարածք էր հանդիսանում, սակայն վերջին տարիներին, ցավոք, այն վերափոխվում է շահերի բախման տարածքի: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում տարբեր կենտրոններ Ադրբեջանին սիրաշահելու գործընթացներ են իրականացնում: Չնայած այդ ամենը մի փոքր կեղծ էր, բայց Ալիևին անշուշտ ոգևորում էր, նրան թվում էր, թե Ադրբեջանն այս տարածաշրջանում դարձել է ավելի կարևոր, քան Հայաստանը: Եվ Ալիևը սկսեց, այսպես ասած, առևտրի մեջ մտնել տարբեր երկրների, տարբեր կառույցների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի: Ըստ երևույթին՝ չէր ստացվում ստանալ այն, ինչն ակնկալում էր, և նա փորձեց դիմել շանտաժի՝ մտածելով, թե Հայաստանում խուճապ կսկսվի, և ինքը կսկսի իր պայմանները թելադրել, ինչը սահմանին կանգնած մեր զինվորները թույլ չտվեցին»:

Ս. Մարգարյանը կարևորեց նաև այն, ինչ կատարվում է Հայաստանի ներսում վերջին տարիներին: Նրա կարծիքով՝ հենց դրա պատճառով են շատ բաներ առաջանում. «Հայաստանի իշխանությունները, ցավոք, ոչ մի ծրագիր չիրականացրին, որն ուղղված կլիներ հասարակությունը համախմբելուն: Փոխարենը՝ համառորեն անցկացնում են մի շարք օրինագծեր, ծրագրեր, որոնք ոչ միայն տանում են հասարակության պառակտմանը, այլև խորացնում են հասարակություն-իշխանություն անջրպետը: Սրա հետևանքով առաջացած և՛ արտագաղթի աճի տեմպերը, և՛ տնտեսության վիճակը հայտնի է բոլորին՝ այդ թվում նաև Ադրբեջանին: Վերջինիս հրահրած գործողություններին շատ լավ դիմադրում է բանակը, բայց արդյո՞ք այն երկար կարող է դիմանալ դրան. բանակը չի կարող առանց դիվանագիտական լուրջ աջակցության երկար կատարել այդ ֆունկցիաները: Մեզ խիստ անհրաժեշտ է լուրջ աշխատանք միջազգային կառույցներում, որպեսզի հասկանանք՝ ովքեր են մեր բարեկամները, ումից ինչ կարող ենք ակնկալել»:

Խոսելով այն մասին, թե ինչպիսի բարբարոսական վերաբերմունք են ցուցաբերում ադրբեջանցիները իրենց մոտ գերի ընկած մեր զինվորների ու քաղաքացիների նկատմամբ, Ս. Մարգարյանն ասաց, որ կապ չունի, թե գերի ընկածն ով է՝ հասարակ քաղաքացի, թե դիվերսանտ. ծեծելով, խոշտանգելով չեն սպանում.«Կան միջազգային, մարդասիրական, գերիների կարգավիճակի վերաբերյալ բազմաթիվ կանոններ, որոնք նրանք կոպտորեն խախտել են: Ես կարծում եմ, որ մենք միջազգային համապատասխան կառույցներում անելու շատ բան ունենք: Դա ոչ միայն Արտաքին գործերի նախարարության պարտականությունն է, այլև նույնիսկ Ազգային ժողովի պատգամավորների, որոնցից ամեն մեկը միջազգային որևէ կառույցի անդամ է, և պետք է գոնե գրել այդ կազմակերպություններին: Մենք էլ ենք գերիներ վերցրել, բայց այդպես ոչ մեկի հետ չենք վարվել»:

Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հայկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ լավ կլինի, եթե ընդդիմությունը գոնե այս շրջանում հանդես չգա կոշտ քննադատություններով, և հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս է վարվելու ընդդիմությունը, Ստեփան Մարգարյանն ասաց, որ եթե իշխանությունը շարունակում է այս լարված պայմաններում իբր թե սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկումներ անել, ապա այդ ամենն առնվազն ծիծաղելի է կամ վտանգավոր ու հակապետական. «Այս պայմաններում իմիտացիա անել, թե մարզային քննարկումներ են իրականացվելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված, սա ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի, այլև կոշտ դիմադրություն ցույց տա՝ գործող Սահմանադրությունը պաշտպանելու առումով: Նման պայմաններում պարզապես չի կարելի նման բան անել. ու՞մ հետ են քննարկում մարզերում՝ այն տղաների՞, ովքեր զոհվում են սահմանում, սոցիալական հոգսի տակ կքած այն գյուղացու՞, ով չգիտի ինչպես աճեցնի, հետո էլ աճեցրածն ինչպես իրացնի: Ես մեր խմբակցության անունից հայտարարում եմ, որ մենք շատ կոշտ ենք դիմադրելու դրան: Ներքին համաձայնություն կկայանա միայն այն դեպքում, եթե ստեղծված իրավիճակում դադարեցվեն Սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց քննարկումները»:

Աստղիկ Իսկանդարյան

Տեսանյութեր

Լրահոս