Ադրբեջանական բանակում առկա «դեդովշչինան» զինվորներին հնարավորություն չի տալիս դառնալ իսկական հայրենասեր. օգտատեր
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/070200083167.jpg)
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին օրերին Ադրբեջանի հանրության շրջանում աճում են առկա դժգոհությունները՝ կապված կառավարության իրականացրած պաշտոնական քարոզչության գծի հետ:
Դա մասնավորապես վերաբերվում է վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված վերջին դեպքերին, որոնք ոչ միանշանակ արձագանք են առաջացրել ադրբեջանական հասարակությունում, ինչն էլ իր արտացոլումն է գտել սոցցանցերում՝ չնայած դրանում առկա կոշտ գրաքննությանը:
Օրինակ, Facebook սոցցանցի օգտատեր Խաբիր Մունթեզիրն ընդգծում է. «Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, ապա նմանատիպ դեպքերում կհայտարարվեր սուգ, կիջեցվեին բոլոր դրոշները:
Պաշտպանության նախարարությունը պետք է հանդես գար հաշվետվությամբ, զոհվածների հարազատները պետք է ստանային փոխհատուցում: Սակայն փոխարենը մենք զբաղված ենք ապատեղեկատվության տարածմամբ, որ, իբրև թե, հայերի կրած կորուստները կազմում են 50-100 զինծառայող»:
Օգտատեր Խադիջա Իսմաիլովան գրում է. «Պարո՛ն նախագահ, տեղյակ եք արդյոք, թե որտեղ է գտնվում Գերագույն գլխավոր հրամանատարը»: Գրառման մեկնաբանություններում օգտատերերը պատասխանում են, որ «գնացել է 56-րդ դպրոցի պաշտոնական բացմանը՝ կարմիր ժապավենը կտրելու», «ասում են, թե չինացիներին է ցավակցում՝ կապված երկրաշարժի հետ», «օհ, պատերազմում եք, իսկ ինչո՞ւ ինձ չեն ասել»:
Սոցցանցի մեկ այլ օգտատեր՝ Հուսեին Պանախովը, գրում է. «Ի՞նչ հզոր բանակի մասին է խոսքը, եթե մենք գիշերվա ընթացքում կորցրել ենք 8 զինծառայող: Պատճառները բավական խորն են: Օրինակ, մեր բանակում զինվորին միայն սովորեցնում են, թե ինչ պատիժ է սպառնում նրան սխալ քայլ անելու դեպքում:
Միևնույն ժամանակ նրանց երբեք չեն խրախուսում լավ ծառայության համար: Բանակում առկա «դեդովշչինան» զինվորներին հնարավորություն չի տալիս լինելու իսկական հայրենասեր: Անհրաժեշտ է հնարավորինս արագ ուղղել այդ սխալները, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից»: