Չափազանցված սպասելիքներ ունենալ Սոչիում կայանալիք հանդիպումից` խելամիտ չէ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ես միշտ մտածել եմ, որ մեր՝ հայերիս թերություններից մեկն է՝ ինչ-որ մի բանից չափազանցված սպասումներ ունենալը:
Այդ շարքից են, անշուշտ, «թեժ աշունների» եւ «թեժ գարունների» սպասումները, որոնք այս 20 տարիների ընթացքում խոստանում են մեր ընդդիմադիրները: Բանականությունը հուշում է, որ, եթե նույնիսկ երբեւէ զանգվածային ցույցեր կազմակերպվեն, դժվար թե դրանք «վերեւներում» ինչ-որ փոխատեղումների բերեն, բայց եթե անգամ այս փոխատեղումները տեղի ունենան, դրանք ամենեւին «ռեժիմի կործանում» չեն նշանակի:
Նույնը՝ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ չափազանցված սպասումները: Չգիտես ինչու, ոմանց Հայաստանում թվում է, որ այսօրվա հանդիպման ընթացքում լուծվելու է խաղաղության կամ պատերազմի հարցը: Իրականում Ադրբեջանը շարունակելու է իրավիճակը սրելու ուղղությամբ իր փորձերը:
Եվ դա տեղի է ունենալու այն պատճառով, որ միջազգային ոչ մի խաղացող շահագրգռված չէ իրավիճակի լիցքաթափմամբ (ճիշտ է, շահագրգռված չէ նաեւ լայնածավալ պատերազմի մեջ): Ռուսաստանի մասին բազմիցս խոսվել է. այդ երկիրը Հայաստանին ճնշելու բազմաթիվ լծակներ ունի, այդ թվում նաեւ՝ Ղարաբաղը, իսկ Ադրբեջանի վրա ճնշման լծակը բացառապես Ղարաբաղն է:
Եթե խնդիրը խաղաղ կամ ռազմական ճանապարհով լուծվի, ապա Ռուսաստանն իր լծակները կկորցնի: Իսկ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները շահագրգռվա՞ծ են, որ սահմաններում կրակոցներ չլինեն: Ինձ թվում է՝ ոչ: Չխորանանք պատճառների մեջ՝ դրանք տարբեր են:
Բայց թվարկած երկրների եւ կառույցների «չշահագրգռվածության» ցուցիչը պարզ է. այդ ատյաններից ոչ մեկը չի ցանկանում արձանագրել, որ հրադադար խախտողը եւ սահմանային միջադեպեր հրահրողը Ադրբեջանն է: Հօգուտ դրա խոսում է հետեւյալ պարզ տրամաբանությունը. մենք ցանկանում ենք ներկա վիճակը սառեցնել, որովհետեւ այն մեզ ձեռնտու է, իսկ Ադրբեջանը՝ «տաքացնել», որովհետեւ նրանց համար «ստատուս քվոն» ձեռնտու չէ: Մեր ինչի՞ն է պետք այս լարվածությունը:
Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ճշգրտորեն որոշել, թե ով է հարձակվում, իսկ ով՝ պաշտպանվում, այստեղ ոչ մեկի համար ոչ մի մութ տեղ չկա:
Եթե այդքանն իմանալով՝ վերոհիշյալ երկրներն ու կառույցները շարունակում են կոչ անել «բոլոր կողմերին» զսպվածություն ցուցաբերել, ապա դա նշանակում է, որ նրանք «քարթ-բլանշ» են տալիս այն կողմին, որն իսկապես «անզուսպ է»՝ շարունակելու իր ոտնձգությունները: Ադրբեջանն էլ օգտվում է այդ հնարավորությունից:
Այսքանից հետո չափազանցված սպասելիքներ ունենալ Սոչիում կայանալիք Պուտին-Սարգսյան եւ Պուտին-Ալիեւ հանդիպումից՝ խելամիտ չէ»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։



