Շվեյցարիան հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին
Շվեյցարիայի կառավարությունը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մելանի Գուգելմանը։
«Շվեյցարիան միշտ պատրաստ է առաջարկել իր բարի ծառայությունները», – ասել է նա՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի խնդրանքի՝ մեկնաբանելու Ժնևում բանակցությունների հնարավոր կազմակերպման մասին տեղեկությունները։
Գուգելմանը հավելել է, որ Շվեյցարիան պատրաստ է «աջակցել խաղաղության հաստատմանը նպաստող ցանկացած դիվանագիտական նախաձեռնության»։
«Արտգործնախարարությունը կապեր է պահպանում բոլոր ներգրավված կողմերի հետ», – ընդգծել է նա։
Ավելի վաղ Axios-ի աղբյուրները հայտնել էին, որ Վաշինգտոնը և Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրի ստորագրմանը։ Աղբյուրների խոսքով՝ նեղուցը բացելու, Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու և ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու մասին համաձայնագրի մանրամասների շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում կամ Ժնևում։



