Օգոստոսի 7-ը ողբերգական օր է Վրաստանի պատմության մեջ. Փանջիկիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ն աղետալի օր է Վրաստանի պատմության մեջ, քանի որ 6 տարի առաջ երկիրը ներքաշվեց ռազմական գործողությունների մեջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«2008 թվականի օգոստոսին զոհվեցին բազում մարդիկ: Դժբախտաբար, մենք այդ պատերազմի հետևանքները զգում ենք նաև այսօր: Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է, բազմաթիվ մարդիկ մնացել առանց տանիքի:
Ռուսաստանն այսօր շարունակում է ագրեսիվ գործողությունները, արգելապատնեշներ է հաստատում օկուպացիոն գծի երկայնքով, խախտում է մարդու իրավունքները: Բոլոր խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով»:
Վրաստանի կառավարության զեկույցի համաձայն, 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ զոհվել է Վրաստանի 412 քաղաքացի, որոնցից 228-ը՝ քաղաքացիական անձինք, 170-ը՝ զինվորականներ, և 14-ը՝ ոստիկաններ: Ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 1 հոլանդացի և 2 վրացի լրագրող: